Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Սյունիքում մարզպետ են նշանակվում կամ գողերը, կամ մենթերը». հանրությունը քննարկում է Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու հարցը

երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվեց ՀՀ ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու հարցը:


Հունան Պողոսյանի՝ մարզպետ նշանակվելու հարցը բուռն քննարկումների թեմա է դարձել համացանցում:

Այս թեման մեկնաբանել են`

Արփի Մախսուդյան, լրագրող

Լևոն Երանոսյանին էլ մի թոթոլ պաշտոն բաժին հանեք, որ անգործ չմնա...

Վահե Սարուխանյան, լրագրող

Սյունիքում մարզպետ են նշանակվում կամ գողերը, կամ մենթերը։ Էլ մարդ չկա, կադրերի սով է։ Քայլարշավի մասնակիցները վերջացել են։

Վահագն Ղումաշյան, «Սասնա ծռեր» կուսակցության անդամ

Առաջարկում եմ Գասպարյան Վովային էլ նշանանել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ):

Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ

Հունան Պողոսյան միլիցուն Սյունիքի մարզպետ նշանակելուն համաձայն եմ մի պայմանով, որ նստավայրը Նախիջևան տեղափոխի մեկ ամսից։

Աշոտ Ասատրյան, ռազմական վերլուծաբան

Ոստիկանության գեներալի մարզպետի պաշտոնում նշանակումն ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունի։ Ոստիկանության համակարգում մինչև գեներալի կոչումի հասած անձը, իհարկե, տարբեր ձև է ընդունվելու մարդկանց շրջանում ու շատ նորմալ է, որ ժողովուրդը բաժանվում է հավասարապես 50/50 տոկոսների։


Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ պարզապես պետք է ինքն իրեն ապահովագրեր հայտնի Սյունիքի մարզում։ Քաղաքականության մեջ նորեկ ոչ մի պաշտոնյա չէր կարողանալու Փաշինյանի հրաժարականից հետո իր վրա վերցնել այդ մարզն ու մասնակցեր ընտրություններին այնպես, որ ամեն բան արդար լիներ ու դրան գումարած նաև իրենց վրա ճնշումներ չլինեին։


Չգիտեմ ու չեմ պատկերացնում, թե բոլոր հնարավոր տարբերակներից ինչու հենց Պողոսյան Հունանին ընտրեց Փաշինյանն ու որքանով է դա դրական որոշում, քանի որ այդ ամենը ցույց կտա միայն ժամանակը։ Այն ընթացքը, թե ինչպես կանդրադառնա ոստիկանության գեներալի ներկայությունը Սյունիքի մարզի, նրա մի շարք հայտնի դեմքերի և ընտրությունների վրա։

Արման Ղարիբյան, «Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր

Սյունիքը մի կերպ ազատվել էր հանցագործ Լիսկայից, հիմա էլ ուզում են մեկ այլ հանցագործի կարգե՞լ սյունեցիներին մարզպետ։ Լուրջ ե՞ք ասում։ Ընդամենը մեկ գործով առնչվել եմ Հունան Պողոսյանի ստորագույն արարքին։ Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի գործով դատարանին կեղծ տվյալներ է ներկայացրել, որպեսզի թույլտվություն ստանա Մարինայի սեփական բնակարանում գաղտնալսում իրականացնելու։ Ընդ որում, սա արվել էր մի գործով, որի շրջանակներում Մարինան դեռ հարցաքննված չէր, և վերջնարդյունքում Մացոյի պես դատավորը նրան արդարացրեց։ Այսինքն Հունան Պողոսյանի ձեռքով ոստիկանները մտել էին հանցագործություն չարած իրավապաշտպանի տուն ու գաղտնի ձայնագրել էին նրա զրույցը իր մտերիմի հետ։ Եվ սա ընդամենը մեկ գործով։ Վստահ եմ, որ Հունանի դեմ բազմաթիվ այլ փաստեր ունեն այլ մարդիկ։ Ահավոր որոշում է, ես կասեի՝ հակահեղափոխական որոշում։
ՀԳ - Էլ չասեմ, թե ինչ միլիարդանոց հարսանիք էր Հունանը կազմակերպել իր երեխայի համար։ Որտեղի՞ց նրան այդքան փող։

Արա Պապյան, դիվանագետ

Հունան Պողոսյանի` որպես Սյունիքի մարզպետ հնարավոր նշանակման մասին կամ ՝ բա ասում էիք, որ հակահեղափոխություն չկա:


Չեմ հասկանում հենց այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ամենաշատը պետք ունի ժողովրդի աջակցությունը՝ Հունան Պողոսյանի նշանակումով որոշել է իրեն զրկե՞լ ժողովրդի մի զգալի մասի աջակցությունից:

Արմեն Վարդանյան, իրանագետ

Սերժի վախտվա բարքերից չպրծանք. մեկ էլ էն ժամանակ էր բարձրաստիճան ոստիկանը նշանակվում մարզպետ: Էն ժամանակ Ալիկ Սարգսյանը, Աշոտ Ղահրամանյանը, հիմա՝ Հունան Պողոսյանը... Ասում են Հունան Պողոսյանը լավ կադր ա, պրոֆեսիոնալ, բայց ավելի ճիշտ կլիներ ինքը մնար փոխոստիկանապետ կամ մեկ այլ պաշտոն տային իրավապահ համակարգում, ոչ թե տանեին մարզպետ, որտեղ միանգամայն այլ գիտելիքներ և որակներ են պետք:

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ

Հունան Պողոսյանը երկար տարիներ զբաղեցրել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալի պաշտոնը և ինչպես ընդունված է ասել՝ նախկին իշխանության տարիներին: Կարծում եմ՝ որոշ իմաստով այս առաջարկը կարող է տարօրինակ թվալ և ուզում եմ որոշ պարզաբանումներ ներկայացնել, թե ի՞նչ ենք ուզում անել և ինչո՞ւ: Կարևոր եմ համարում, որ հեղափոխության արդյունքում որևէ մեկն իր կյանքն ավարտված չհամարի ՀՀ-ում ու այս տրամաբանության մեջ չպեպք է թույլ տանք, որ զարգանա մի երևույթ, որը պայմանականորեն կարելի է կոչել քաղաքական ռասիզմ: Գալիս է լիարժեք համախմբման ժամանակը: Սա չի նշանակում նաև, որ փակում ենք կադրային փոփոխությունների օպտիմալացման ու ավելի արդյունավետ համակարգ ունենալու տրամաբանությունը:

11408 | 1