Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Հանրությունը քննարկում է հոկտեմբերի 2-ի ԱԺ արտահերթ նիստը

չորեքշաբթի, 03 հոկտեմբերի, 2018 թ.

Հոկտեմբերի 2-ին ԱԺ-ն արտահերթ նիստում ընդունեց կանոնակարգում փոփոխություններ կատարելու սկանդալային նախագիծը, որին կողմ քվեարկեց 67 պատգամավորներ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կողմ քվեարկողներին հակահեղափոխության ներկայացուցիչ անվանեց ու կոչ արեց քաղաքացիներին հավաքվել Բաղրամյան պողոտայում: Իրավիճակը լարված էր խորհրդարանում, Բաղրամյան պողոտայում և Դեմիրճյան փողոցում. ցուցարարները շրջափակել էին ԱԺ մուտքերը: Հանրահավաքի ժամանակ ելույթից հետո, ՀՀ վարչապետը հանդիպեց քաղաքական ուժերի հետ:

Այս թեման մեկնաբանել են`

Հայկ Մարտիրոսյան, քաղաքագետ

Վարչապետն ամեն հարցում հարցնում էր ժողովրդի կարծիքը, մանդատ խնդրում ամեն անգամ, երբ այդ մանդատն ուներ:


Հիմա ի՞նչ մանդատով է անտեսում ժողովրդի պահանջը` հրաժարական չտալ: Ինչո՞ւ է լռեցնում ժողովրդին: Ու՞ր է այդ մանդատը: Եվ եթե այն չի ստանում` ի՞նչ իրավունքով է իրեն ընտրած ժողովրդի քվեն ռիսկի տակ դնում:


Ինչո՞ւ հանկարծ դադարեց խորհրդակցելուց և ժողովրդի կամքին դեմ է գնում:


Ժողովուրդը դեմ է այդ հրաժարականին: Դա հայոց պատմության ամենաճակատագրական սխալը կարող է լինել, որովհետև մեզ հայրենիք, իսկ իրեն` կյանք կարող է արժենալ:

Կարեն Հովհաննիսյան, քրդագետ

ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ եռյակն իրեն ճիշտ չպահեց ազգի նկատմամբ: Եթե սերժի նման դիկտատորին ժողովուրդը կարողացավ գահընկեց անել, ապա այդ կուսակցապետերին ու իրենց արբանյակներին ժողովուրդը պարզապես կտրորի: Հիմա կասեք ժողովուրդի անունից մի խոսա: Կխոսամ, քանի որ 99.9 տոկոսը այսօր կանգնած է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքին: Թող ձեզ չթվա, թե ձեր կուսակից ընկերները ձեզ սատարելու են, ձեր այդ քայլն արդարացնելու են: Դա անելու են բացառապես նրանք, ովքեր ձեր կուսակցություններից աշխատավարձ են ստանում:
Մի հարց տամ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ եռյակին. 25 տարի դուք ի՞նչ էիք անում, երբ բանակը մինչև այսօր չուներ ռադիոկապ (քաղաքացիների նվիրաբերածները ձերը չհամարեք), 25 տարի ի՞նչ էիք անում, երբ դիրքը պահվում էր կենդանի վահանով՝ զինվորի կյանքով, և կանսեռվի բանկաներով: Ես պատասխանեմ այդ հարցին. Լափել եք...
Հեռու կանգնեք մեր ճանապարհից, այլապես ձեզ կուղարկենք պատմության գիրքը ու մեր երեխաները, իրենց դասագրքերում ձեր մասին կկարդան որպես դավաճան կուսակցություններ:
Դուխով ենք, հաղթելու ենք...

Վահե Սարուխանյան, լրագրող

Ապրիլ-մայիսին ՀՀԿ-ի պոչը բաց թողած ու հեղափոխությունից 5 րոպե առաջ ժողովրդին միացած երկու կուսակցությունները նույնքան խորամանկություն ու քաղաքական հոտառություն չունեցան 5 րոպե ոտները կախ գցել ու ՀՀԿ-ի արկածախնդրությանը չմասնակցել։ ՀՅԴ-ն 128 տարվա կուսակցություն է, բայց նույն փոցխի վրա կանգնելու էնքան մեծ փորձ ունի, որ չունի ոչ ոք։ Դաշնակների վերջին «տղայական» քայլը «մենք ենք հանձնում նախարարական պորտֆելները, ոչ թե մեզ են հեռացնում» շարքից էր, ինչպես եղավ գարնանը։ Էսքանից հետո Աղվան Վարդանյանին ՀՅԴ-ն պիտի նվազագույնը գրկաբաց հետ ընդունի:

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Իրականում Նիկոլ Փաշինյանն ու ժողովուրդը երկիրն ԱԺ արտահերթ ընտրությունների տանելու երեք ուղի ունեն (եթե սահմանադրագետներն այլ տարբերակներ չավելացնեն)


1. ԱԺ քաղաքական ուժերի համաձայնությամբ ԱԺ արձակում, որը տեսանք, որ չի ստացվում,
2. Ժողովրդի ստորագրահավաքով անցկացվող սահմանադրական փոփոխությունների, հանրաքվեի ճանապարհը (որը տեխնիկապես ժամանակատար է, ֆինանսատար ու ընտրությունները վստահաբար դեկտեմբեր չեն ընկնում, այլ լավագույն դպքում հաջորդ տարվա գարնանը),
3. Վարչապետի ու կառավարության հրաժարականով ուղին, որի դեպքում ընտրությունները դեկտեմբերին հնարավոր են:
Ահա, թե ինչու է Փաշինյանն ընտրել 3-րդ ճանապարհը՝ դեկտեմբերին ընտրությունները հաջողացնելու համար:

Արման Գևորգյան, դերասան, հումորիստ

«Գիշերային օրենք»-ի հեղինակներին հազար ամոթ: Աշխարհը Շառլա հարգում, դրանք թաքուն, գողեգող գնում են իրանց 50 հոգանոց բանդայով օրենք ընդունելու ու ժողովրդին փողոց հանելու: ՀՀԿ - ՀՅԴ - ԲՀԿ vs 10 մլն հայ ժողովուրդ: Այ հիմա իրոք դուք ձեր ձեռքով վերջնականապես ձեզ սարքեցիք քաղաքական ԴԻԱԿ»։


Իզաբելլա Աբգարյան, բլոգեր

Այս պահին հիմնական տարակարծությունը, մտավախությունը կապված է վարչապետի հրաժարականի հետ: Բնական է, որ մարդիկ վախենում են, որ ԱԺն կարող է ընտրել ուրիշ վարչապետ: Այդ վախը խոսում է այն բանի մասին, որ 1)հհկ֊բհկ֊հյդ եռյակը վստահություն չի ներշնչում, 2) բոլորը չէ, որ գիտակցել են ժողովրդի՝ ամենահզոր գործոն լինելը:


Հանրաքվեի մասին`
Վարչապետն արդեն իսկ դրել էր հանրաքվեի անցկացման հարցը հանրաքվեի՝ Երևանի ընտրությունների ժամանակ: Այոʹ, Երևանը դեռ ամբողջ Հայաստանը չէ, բայց և ստացած տոկոսն էլ ապացույց է, որ ընդհանուր պատկերը քիչ կտարբերվի:
Հանրաքվեի համար էլի պիտի մնանք ԱԺ֊ի հույսին:


Հրաժարականի մասին`
Եթե նույնիսկ գտնվի մի մատաղացու գառ, որը համաձայն կլինի առաջադրվել, ապա նույնիսկ ընտրվելու դեպքում նա չի կարողանա կառավարել փակ փողոցների ու համաժողովրդական գործադուլի պայմաններում:


Եվս մի կարևոր գործոն, որը պետք չէ անտեսել: Միջազգային հանրությունն ընդունել է, որ մեր ժողովուրդը հեղափոխություն է արել և ընտրել Փաշինյանին: Մեր հեղափոխությունը, որպես փայլուն օրինակ, վկայակոչում են միջազգային բարձրաստիճան պաշտոնյաներ: Ուստի, ժողովրդի կամքը շրջանցելով, ցանկացած մեկը իզգոյ կլինի ոչ միայն երկրի ներսում, այլ նաև՝ դրսում:


Վատագույն սցենարի դեպքում մենք կվերադառնանք հեղափոխությունը կրկնելուն: Բայց որքան էլ անպարկեշտ են երեկվա օրինագծից կառչածները, նրանք էլ են գիտակցում, որ պետությունը չի կարելի կրկին ենթարկել ցնցումների ու կաթվածահար անել:


Դուխով, խելքով, միասին ենք թելադրելու մեր կամքը:

Վարդան Հարությունյան, հասարակական գործիչ

Մտածել, թե նախորդ իշխանությունները կընդունեն իրենց մայիսյան պարտությունը և հանգիստ տուն կգնան՝ արդարացված չէ։ Նրանք պայքարելու են մինչև վերջ և դեռ շատ արյուն են պղտորելու։ Որ, վերջին հաշվով, ջախջախված հեռանալու են, կասկած չկա, բայց մինչ այդ դեռ կռիվ են տալու։ Խնդիրն այս 67 պատգամավորները չեն։ Նրանք վճիռներ չեն կայացնում։ Նրանք չեն որոշելու՝ ստորագրե՞լ, թե՞ չստորագրել այս կամ այն համաձայնագիրը, անե՞լ կամ չանել այս կամ այն քայլը։ Նրանց հետ խոսել, իհարկե, պետք էր և է, բայց նրանցից վերջնական պատասխան սպասելը միամտություն է։
Վճիռները բոլորովին այլ կենտրոնում են կայացվում։ Իսկ այդ կենտրոնում հրամանատար է փոխվել։ Ռոբերտ Քոչարյանն է արդեն այնտեղ՝ բոլորիս հայտնի իր կոշտ, խաղի կանոններ չճանաչող և ամենածայրահեղ քայլերի գնալու իր պատրաստակամությամբ։ Նրա փոքրաթիվ, մի երկու տասնյակը չգերազանցող «բանակի», բայց հսկայական ռեսուրսների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է լինել վճռական ու կազմակերպված։ Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ մեր քաղաքացին այս հարցում շատ ավելի հեռուն է տեսնում, շատ ավելի վճռական ու կազմակերպված է, քան այն պաշտոնյաները որոնց ուսերին այս քանի ամիսը դրված է եղել հակահեղափոխության ոտքերի տակից հողը հանելու գործը։ Խոսքս առաջին հերթին ՀՔԾ-ին, ԱԱԾ-ին և Ոստիկանությանն է վերաբերվում։ Հապաղելու, կինոաստղի կեցվածք ընդունելու փոխարեն պետք է հասկանալ, որ պայքարը ճակատագրական է և սխալվելու ռեսուրս այլևս չկա։ Դատախազությունը և դատարաններն էլ, որքան կարելի է հասկանալ, թշնամի ճամբարում են կամ՝ այդ ճամբարի դաշնակից։

Արշալույս Մղդեսյան, փորձագետ

Կարելի է հասկանալ Հանրապետականի վարքը։ Իրենց համար ռացիոնալ է, բայց անօգուտ. դեպի քաղաքական գերեզման տանող ճանապարհ է։ Այսպես թե այնպես չեն լինելու հաջորդ ԱԺ-ում, թող քաղհալածյալի կարգավիճակով չլինեն։


Ամեն ինչ անում են կառավարությանը հունից հանելու ու կտրուկ քայլերի գնալու համար, բայց մինչև օրս միայն Մանվել Գրիգորյանն է, որ փակի տակ է։ Մնացածները լավ էլ վայելում են։ Կարամ հասկանամ նաև հակահեղափոխական Յեղափոխական Դաշնակցությանը, քանի որ իրենք էլ ոնց որ չեն լինի հաջորդ ԱԺ-ում, ու վտանգ կա, որ սփյուռքի որոշ գաղթօջախներում ազդեցիկ քաղուժը ՀՀ-ում ընդհանրապես տապալվի։


Շատ տխուր է, բայց իրենք են ընտրել էս ճանապարհը ու շատ վաղուց։ Չեմ հասկանում միայն ԲՀԿ-ի պահվածքը։ Հաստատ երկրորդ ուժ էր լինելու ԱԺ-ում` մի 25-30 տոկոսով։

Աշոտ Ասատրյան, ռազմական վերլուծաբան

Ժողովուրդը վախենում է Փաշինյանի հրաժարականից․


երեկ` օրվա ընթացքում, բազմաթիվ մարդկանց հետ զրուցելու արդյունքում հասկացա, որ ժողովրդի մեծ մասը վախենում է ոչ թե տարբեր կուսակցությունների գործողություններից, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից։


Մարդիկ իրականում չեն հասկանում, թե ինչի՞ համար էր ԱԺ-ում, հենց այս շրջանում, նման քվեարկություն դրվում։ Պատգամավորները շատ լավ հասկանում էին, որ դրան դեմ է լինելու ժողովուրդը։ Մարդիկ չեն հասկանում, թե ինչը կարող էր ստիպել քաղաքական ուժերին նման անհեռանկար քայլի գնալուն։


Շատերը նույնիսկ կասկածում էին, որ այս ամենը ծրագրված է հենց Նիկոլ Փաշինյանի դեմ, որպեսզի նա հրաժարական տա ու դրանից հետո իրենք կարողանան այդ կերպ պայքարել Փաշինյանի կառավարության դեմ։ Ոչ մի նորմալ մարդու ուղեղով այլ տարբերակ կամ արդարացում չի անցնում։


Ժողովուրդն էլ իր հերթին վախենում է այդ հրաժարականից։ Ի՞նչ կլինի, եթե հրաժարականից հետո ամեն ինչ այլ սցենարով գնա։ Ոչ մեկ դրա պատասխանը չգիտի։ Կամ գիտեմ, բայց չեն ցանկանում անգամ դրա մասին մտածել։

5799 | 0