Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Իշխանությունների հետ ի՞նչ լեզվով կխոսի ՀԱԿ-ը` սեպտեմբերի 23-ի հանրահավաքում

հինգշաբթի, 15 սեպտեմբերի, 2011 թ.
Իշխանությունների հետ ի՞նչ լեզվով կխոսի ՀԱԿ-ը` սեպտեմբերի 23-ի հանրահավաքում
Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած ՀԱԿ հերթական հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում հայտարարեց, որ եթե առաջիկա օրերին ազատ չարձակվի երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, ապա ստիպված կլինեն իշխանությունների հետ այլ լեզվով խոսել: ''Եթե իշխանությունները շուտափույթ չլուծեն Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու հարցը, ապա մենք ստիպված ենք լինելու մտածել, որ նրանք հատուկ են կազմակերպել ոստիկանության և Կոնգրեսի երիտասարդության միջև տեղի ունեցած միջադեպը, կամ առնվազն օգտագործել այդ պատրվակը՝ երկխոսությունը վիժեցնելու համար` դժգոհ լինելով վերջինի ընթացքից։ Մոտակա օրերին Առաքելյանի ազատ արձակման դեպքում մենք պատրաստ ենք վերադառնալ բանակցությունների սեղանին։ Հակառակ պարագայում, երկխոսությունն առկախված թողնելով, մենք հարկադրված կլինենք իշխանությունների հետ խոսել այլ լեզվով։ Այլ լեզու ասելով, ես ամենևին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունեմ, այլ հանրահավաքների հաճախակիացման և ժողովրդական զանգվածների առավելագույն համախմբման կամ գերմոբիլիզացիայի միջոցով արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման պարտադրում'',- ասաց ՀՀ առաջին նախագահը:
Մինչ օրս Առաքելյանն ազատ չի արձակվել և կարծես` իշխանությունները մտադրություն էլ չունեն փոխելու նրա նկատմամբ կիրառված կալանքը` որպես խափանման միջոց: Ուստի կարելի է ենթադրել, որ սեպտեմբերի 23-ի հանրահավաքում ՀԱԿ-ը կսկսի իշխանությունների հետ այլ լեզվով խոսել:
Այս թեման մեկնաբանել են`

Վահագն Խաչատրյան, ՀԱԿ անդամ

Վահագն Խաչատրյան, ՀԱԿ անդամ
Մեր գործողությունները կախված են նրանից՝ երկխոսությունը կշարունակվի, թե՝ ոչ, իսկ մնացած գործողություններն արդեն Տիգրան Առաքելյանի հետ կապված չեն լինի: Ինչ վերաբերում է անհրաժեշտ կրիտիկական մասսային, ապա կա մեկ իրողություն, որ հասարակությունը չի ցանկանում այս իրավիճակում ապրել, և մարդիկ պարզապես նախընտրում են հեռանալ երկրից, ուստի պետք է տեղի ունենան համակարգային փոփոխություններ, իսկ թե դա ինչպե՞ս տեղի կունենա` իշխանության կամոք, թե մեր պարտադրանքի արդյունքում արտահերթ ընտրություններ` սա է խնդիրը: Մենք ցանկանում էինք գնալ երկխոսության ճանապարհով, և եթե իրենք չցանկանային` կգնայինք երկրորդ ճանապարհով: Ինչ վերաբերում է կրիտիկական մասսային, ապա դա կարող է լինել և՛ 50 հազարը, և՛ 500 հազարը: Դա կախված է նաև երկրի ընդհանուր իրավիճակից, իշխանության թույլ կամ ուժեղ լինելուց:

Արմեն Մարտիրոսյան, ԱԺ ''Ժառանգություն'' խմբակցության ղեկավար

Արմեն Մարտիրոսյան, ԱԺ ''Ժառանգություն'' խմբակցության ղեկավար
Արդեն որոշակի իսկապես հակասությունների տեղիք տալիս է: Առաջին իսկ պահից իր (Լևոն Տեր-Պետրոսյանի) և Նիկոլ Փաշինյանի ասածի մեջ է հակասություն, իր (ՀԱԿ-ի առաջնորդի) իսկ ելույթի մեջ է կարծես թե հակասություն` մե՛կ պետություն է հզորացնում, մե՛կ պետություն է թուլացնում, մե՛կ հեղափոխությունը ասում է` ''չենք անելու'', բայց դե մարդկանց հավաքում` ինչի համար` մարդ չի հասկանում:

Հովիկ Աբրահամյան, ԱԺ նախագահ

Հովիկ Աբրահամյան, ԱԺ նախագահ
Ես հեղափոխական իրավիճակ Հայաստանում չեմ տեսնում: Հերիք է հեղափոխությունների մասին խոսենք, հեղափոխությունների մասին են խոսում այն ժամանակ, երբ ընտրություններին 7 ամիս է մնացած լինում. յուրաքանչյուր ողջամիտ քաղաքական ուժ պետք է փորձի պատրաստվել ընտրություններին: ''Եթե Տիգրան Առաքելյանն ազատ չարձակվի, այլ լեզվով կխոսենք''` Կոնգրեսի պնդումներին էլ ասեմ. ֆրանսերեն, թե՞ անգլերեն, ի՞նչ լեզվով են խոսելու, ասեք` նախապատրաստվենք:
340886 | 4