«Գորիսով եկեք, Զաբուխն անցեք, Բերձոր չհասած՝ ծխեք. տուգանքից ավելի էժան կլինի». համացանցը քննարկում է ծխելու արգելքի նախագիծը
ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել է «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման» մասին նոր նախագիծ, որով խստացվում է ծխախոտի վաճառքը, սահմանվում են ծխախոտի օգտագործելու սահմանափակումները, չթույլատրված վայրում ծխախոտ օգտագործելու տուգանքի չափը: Չսահմանված վայրում ծխելն առաջացնում է տուգանքի նշանակում` 250 հազար դրամի չափով: Եթե անձը նույն արարքը 3 ամսվա մեջ կատարել է երկրորդ անգամ, ապա կտուգանվի 500 հազար դրամով: Նախագիծը բուռն քննարկումների թեմա է դարձել համացանցում: |
Ռուբեն Մելիքյան, Արցախի օմբուդսմեն
Շատ եք ուզում ծխել, Գորիսով եկեք, Զաբուխն անցեք, Բերձոր չհասած ծխեք, ու հետ գնացեք ձեր գործերով (տուգանքից մի քանի անգամ ավելի էժան կլինի)։ Ինձ հուշում են, որ ավելի նախընտրելի է Վարդենիս-Սոթք ուղղությունը։ Ինչ խոսք, եթե Երևանում շատ հրատապ գործեր ունեք, թերևս այդպես ավելի արագ կլինի։ |
Մկրտիչ Իսրայելյան, լրագրող
Բան չունեմ ասելու՝ ծխելը պետք է արգելել շատ վայրերում։ Արա, բայց 250 հազար դրամ տուգա՞նք, վատ ե՞ք։ Էդ ի՞նչ թշվառ վիճակի եք հասցրել բյուջեն, որ արդեն էս կարգի անասնական չափերի տուգանքներով եք ուզում դատարկած տեղերը փակել։ |
Գագիկ Մկրտչյան, «Արմենիա» հեռուստաընկերության նախկին տնօրեն
Մեծարգո կառավարությանը կառաջարկեմ ծխելու դեմ «դրակոնյան» օրենքներ ընդունելուց առաջ, օրենք ընդունել թքելու, խնչելու, խորխելու՝ փողոցներում և շքամուտքերում միզելու դեմ (կներեք ոչ ականջահաճո ձևակերպումների համար)։ Ու նաև խիստ կասկածում եմ օրենքն իրագործելու պահով, չեք կարողանում գիշերները համատարած սալյուտ կրակողների ձեռքը բռնել, էտ ո՞նց եք տուգանելու նվազագույնը 300․000 մարդու: |
Էդուարդ Քանքանյան, օգտատեր
Շատ ճիշտ օրենքի նախագիծ ա: |
Զոհրապ Եգանյան, Գեղարքունիքի մարզպետի օգնական
Ծխելն իսկապես վատ բան է, չծխող մարդկանց կամ երեխաների մոտ ծխելը մտածողության, մեկ-մեկ էլ դաստիարակության հարց է։ Առողջապահության նախարարությունը ճիշտ է անում, որ պայքարում է դրա դեմ, բայց դնել և միանշանակ արգելել ծխելն, օրինակ՝ բոլոր սրճարաններում, կամ չթույլատրված վայրերում ծխելու համար մեծ տուգանքներ սահմանելը համարում եմ ոչ արդյունավետ նպատակին հասնելու տեսանկյունից։ Նախ՝ Հայաստան ժամանող զբոսաշրջիկները մեր երկիրի առավելություններից մեկն էլ համարում են ռեստորաններում ու ժամանցի վայրերում ծխելու հնարավորությունը, սա ծխողների համար իսկական դրախտ է, մյուս կողմից՝ եթե մենք ընդունելու ենք օրենք, ապա դրա սանկցիան պետք է խելամիտ լինի, տուգանքի չափը պետք է հաշվարկել սոցիալական վիճակ հաշվի առնելով։ |
Արայիկ Պապիկյան, փաստաբան
Դարձյալ անցնում ենք պատժիչ գործողությունների, այն է՝ պայքարում ենք հետևանքի դեմ: |
Լևոն Սարդարյան, քաղաքական մեկնաբան
Նախագահը, վարչապետն ու մի շարք նախարարներ ծխող են: Հիմա եթե Ալթունյանի էս ֆանտազիան իրականություն դարձավ, ուրեմն՝ ա) նախագահը, վարչապետը և մի շարք նախարարներ թարգում են ծխելը կամ անցնում են այքոսի՞ բ) նախագահը, վարչապետը և մի շարք նախարարներ դուրս են գալիս շենքերից` դրսում ծխելո՞ւ, սե՞նց: |
Արմեն Աշոտյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր
Որպես նիկոտինային կապանքներով դեռ պարուրված մարդ տեսակետ հայտնեմ։ |
Արմեն Մովսիսյան, կոմպոզիտոր
Ծխել, թե չծխել, սա չէ հարցը: Որ փակ տարածքներում ծխելը լավ չէ, բան չունեմ ասելու, բայց էդ լավ չէ մտքի լղոզված ձվակերպումը, հասարակական վայր, տարածք` կհանգի ամերիկական աբսուրդին, իսկ դա որոշ նահանգներում արդեն շիզոֆերնիա է, ապացուց ել պետք չէ: |