Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սերը համբերում է եւ չի նահանջում

Հեղինակ
Հեղինակ`
Հեղինակ
11:10, երկուշաբթի, 11 հունիսի, 2018 թ.
Սերը համբերում է եւ չի նահանջում
    
     Ուզում եմ հավատալ, որ մեր Եկեղեցու անունը շահագործելով հրապարակ ելած մի խումբ մեր հայրենակիցներ մոլորյալ են, եւ ո՛չ հակաթոռ, ո՛չ կամակատար այլ ուժերի (նման բաներ մեր պատմության մեջ քանիցս եղել են): Որովհետեւ այս «շարժման» տրամաբանությունը միանգամայն տեղավորվում է այսօր քրիստոնեության դեմ ակնհայտ մղվող պայքարի եւ Հայաստանեայց Եկեղեցու դիրքերի թուլացման օրակարգի մեջ: Որքան էլ խումբը Երեւանի փողոցները չափչփելը խաչերթ համարի, այն փայտերթ է ընդամենը: Իմ խորին համոզմամբ՝ փայտերթեր կազմակերպողները արշավում են ոչ միայն մեր Եկեղեցու եւ Հայրապետի դեմ, այլ հենց Նոր Հայաստանի եւ նրա (մեր) ընտրյալ վարչապետի դեմ, լարում առաջացնելով հայության մեջ:
    
     Երբ Տավուշի հոգեւոր առաջնորդ, տավուշցիների եւ բոլորիս շատ սիրելի Բագրատ Սրբազանը հեռուստատեսությամբ այս «շարժմանն» անդրադառնալով հնչեցրեց «ո՞վ են սրանք», իր իսկ հարցի պատասխանը, անշուշտ, ունենալով, փորձեցի այս երկտողը գրել: Հանրային տիրույթում առկա՝ այս խմբի եւ խմբապետի մասին տեղեկությունները քիչ են, նրանց բողոքի բովանդակությունը՝ գրեթե ոչինչ չասող:
    
     Ֆեյսբուքում մի բողոքավորից լսեցի, օրինակ, որ ճեմարանից հեռացվում են երիտասարդներ ինչ-ինչ սայթաքումների համար, ասենք՝ ծխելու: Այո, ճեմարանում այդպիսի բաներ լինում են, բայց միայն այն դեպքում, երբ սանին մի քանի անգամ զգուշացնելուց, հորդորներ հնչեցնելուց հետո ծխելը այդ երիտասարդի համար առավել գերադասելի է մնում, քան Ճեմարանական կարգ ու կանոնը: Սա՝ որպես մասնակի դիտարկում: Իհարկե, կան նաեւ ցավալի միջադեպեր, պայմանավորված մարդկային գործոնով, դրանք եւս անխուսափելի են, որովհետեւ Եկեղեցին իր բոլոր կառույցներով կենդանի մարմին է եւ ինչպես հներն են ասում՝ humanum errare est:
    
     Եկեղեցու դեմ պայքարի ելածներից, կարծես, ոչ ոքի չեմ ճանաչում, հույս ունեմ, որ նրանց շարքերում չկան ճեմարանի շրջանավարտներ, որոնց դասախոսը լինելու պատիվն ունեմ ահա 26 տարի: Ճեմարանի իմ երբեմնի սաներից երեքը եպիսկոպոս են, հարյուրները՝ վարդապետ, քահանա, սարկավագ: Եվ առնվազն կույր պետք է լինել չնկատելու Հայաստանեայց եկեղեցու հոգեւորականների ծառայությունը մեր կյանքի թե՛ հոգեւոր թե՛ այլ ասպարեզներում: Ճեմարանավարտ եւ քահանայից լսարանների հարյուրավոր շրջանավարտներ, Վեհափառ Հայրապետի օրհնությունը ստանալով, մեկնել եւ այսօր էլ մեկնում են մեր զինված ուժեր՝ անառիկ պահելու մեր սահմանները եւ զորացնելու մեր սպաների եւ զինվորների հավատքը: Բանակում ծառայած, թշնամու դեմ մարտերին մասնակցած, վիրավորում ստացած զինվոր-սաները մեր եկեղեցու զավակներ ու խոնարհ որդիներն են, որոնցով դասախոսներս հիրավի հպարտանում ենք: Մենք տեսնում ենք նրանց հանդեպ մեր ժողովրդի սերն ու համակրանքը ամենուր՝ Հայաստանում, Արցախում, մեր սահմաններից դուրս շատ երկրներում: Չեմ բացառում, որ նրանց թվում էլ կարող են լինել եւ, հավանաբար, կան Վեհափառից, մեզնից՝ դասախոսներից նեղված անձինք, բայց եկեղեցուն ծառայելու, խոնարհություն ունենալու նրանց մղումները շատ ավելին են, քան նեղսրտությունը, այդ թվում՝ նաեւ Հայրապետից: Որովհետեւ Եկեղեցին ժողովուրդն է, որին հոգեւորականը պետք է անխոնջ ծառայի, իսկ Եկեղեցու գլուխը Հովվապետն է, որին որդիական խոնարհությամբ պետք է վերաբերի:
    
     Այս օրերին շատ են մեջբերումներ արվոմ Սուրբ Գրքից թե՛ հոգեւոր ասպարեզում գործող հոգեւորականները, թե՛ այլք: Ուզում եմ զերծ մնալ դրանից. կրկնեմ միայն, որ Աստուած Սեր է, որ Սերը համբերում է, եւ որ Նա է հաղթողը:
    
     Անշուշտ՝ Նորին Սուրբ Օծությունը բոլորովին կարիքը չունի մեր ջատագովության, որովհետեւ Աստուած Նրան Օգնական է՝ եղել է, կա եւ կլինի: Իսկ մեզ, մեր Եկեղեցու բոլոր զավակներիս, մնում է միայն աղոթել եւ հայցել Բարձրյալի ողորմությունը, այդ թվում նաեւ՝ մոլորյալների համար:
    
     Ալվարդ Բարխուդարյան
    
Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս
Աղբյուրը` mediamax.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4087 | 0 | 0
Facebook