Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԱԿ-ը պաշտոնապես ներողություն է խնդրել Հաիթիի բնակիչներից` խոլերայով վարակելու համար

11:25, ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2016 թ.
ՄԱԿ-ը պաշտոնապես ներողություն է խնդրել Հաիթիի բնակիչներից` խոլերայով վարակելու համար

Մակ գլխավոր քարտուղար Պան Գի Մունն առաջին անգամ ներողություն է խնդրել Հաիթիի բնակիչներից երկրում բռնկված խոլերայի համաճարակի տարածմանը կազմակերպության մասնակցության համար: Հաիթիում խոլերա չի եղել, քանի դեռ վարակն այնտեղ չեն տարել նեպալցի խաղաղարարները` 2010 թվականին: Այդ օրվանից հիվանդության պատճառով Հաիթիում մահացել է ավելի քան 10 հազար մարդ:

«Միացյալ ազգերի կազմակերպության անունից ես ուզում եմ շատ հստակ ասել` մենք ներողություն ենք խնդրում Հաիթիի բնակիչներից: Մենք խորապես ցավում ենք մեր դերակատարության համար»,- ասել է Պան Գի Մունը:
     Խոլերայի բռնկման պատճառ է համարվում երկրաշարժից մի քանի ամիս հետո կազմակերպության կղզու բազայից կոյուղաջրերի արտահոսքը: ՄԱԿ-ը երկար ժամանակ հերքել է իր հասցեին հնչող մեղադրանքները հիվանդության տարածման վերաբերյալ և ընդունել միայն այս տարվա օգոստոսին:
     Այնուամենայնիվ, կազմակերպությունը հրաժարվում է իր վրա վերցնել իրավաբանական պատասխանատվությունը, քանի որ փոխհատուցման պահանջներից պաշտպանված է դիվանագիտական իմունիտետով:
     Խոլերան մարդկանց մոտ առաջացնում է փորլուծություն, սրտխառնոց, փսխուք, մկանային սպազմ: Հենց որ հիվանդության բակտերիաները հայտնվում են ջրամատակարարման խողովակների մեջ, հիվանդության տարածումը կանխելը դառնում է գրեթե անհնար, հատկապես այնպիսի մի երկրում, ինչպիսին Հաիթին է, որը չունի կեղտաջրերի վերամշակման ապահով համակարգ:

13055 | 0
Facebook