Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զինված ապստամբության կազմակերպիչ Վարուժան Ավետիսյանի կոչը ժողովրդին

11:35, կիրակի, 17 հուլիսի, 2016 թ.
Զինված ապստամբության կազմակերպիչ Վարուժան Ավետիսյանի կոչը ժողովրդին
     Արդեն հաղորդել ենք, որ շուրջ չորս ժամ առաջ «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը ազդարարել էր, որ սկսել են զինված ապստամբություն: Նրանց հիմնական պահանջն է. «Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա և իշխանությունը փոխանցի ժողովրդի վստահության կառավարությանը»:
     Վարուժան Ավետիսյանը իր հայտարարության մեջ ասում է. «

Սիրելի՛ հայրենակիցներ

Մենք Ժիրայր Սէֆիլյանի մարտական և քաղաքական պայքարի ընկերներն ենք:

Տարիներ շարունակ Ժիրայր Սէֆիլյանը և նրա համախոհները փորձել են խաղաղ միջոցներով իրավիճակ փոխել Հայաստանում: Որպես արդյունք՝ Ժիրայր Սէֆիլյանին վերագրվեց զինված ապստամբություն կատարելու կեղծ մեղադրանք և նա հայտնվեց բանտում, իսկ նրա համախոհները մշտապես ենթարկվում են հալածանքի և բռնությունների:

Տարիների դառը փորձն ի վերջո մեզ համոզեց, որ կառավարող վարչախումբն այն աստիճանի է կեղեքել, իրավազրկել և ուժասպառ արել մեր ժողովրդին, որ նա այլևս չունի երկարատև ու զանգվածային խաղաղ պայքարի համար անհրաժեշտ ռեսուրս: Դրան գումարվում է աղետալի չափերի հասնող արտագաղթը, որը կայուն կերպով քայքայում է մեր դիմադրողականության վերջին մնացորդները: Այդ ամենի հետ մեկտեղ՝ Սերժ Սարգսյանի աթոռը պահելու համար պայմանավորված պատերազմի միջոցով Արցախի ազատագրված տարածքները հանձնելու դավաճանությունը կդառնա մեր պետականության դագաղի վերջին մեխը:

Ուստի ազգի և Հայրենիքի ապագան փրկելու միակ տարբերակը զինված ապստամբության ձևով իրականացվող ժողովրդային ընդվզումն է:

Մենք՝ «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներս, գիտակցելով վիճակի օրհասականությունը, որոշել ենք ապահովել մեր և մեր սերունդների ազատ ու արժանապատիվ կյանքի իրավունքը և այդ նպատակով դիմել ենք զինված ապստամբության:
     Մենք արդեն գրավել ենք Երևան քաղաքում գտնվող հիմնական ոստիկանական բազաներից մեկը, ինչպես նաև մի քանի բաժիններ: Այս պահի դրությամբ վերահսկում ենք Երևանի Էրեբունի թաղամասը և դրան հարակից հատվածները: Մեզ են միացել Զինված ուժերի զորամասեր: Ապստամբությունը ծավալվում է ամբողջ երկրով մեկ:
     Համայն հայությանը և ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում միանալ ապստամբությանը կամ բոլոր հնարավոր միջոցներով աջակցել ապստամբներին: Ապստամբությանը միացող յուրաքանչյուր ոք, ով նախկինում մեղք է գործել ժողովրդի և օրենքի առաջ, ստանում է իր մեղքը քավելու և համերաշխ հասարակության լիիրավ անդամ դառնալու հնարավորություն:

Ունևոր մարդկանց կոչ ենք անում հոգալ փողոց դուրս եկած մեր հայրենակիցների սննդի և այլ անհրաժեշտ կարիքները:
     Կոչ ենք անում դուրս գալ փողոց, խմբեր կազմել, զինվել, գրավել ոստիկանական բաժինները, փակել փողոցները, զինաթափել ոստիկաններին, իսկ ապստամբությանը դիմադրող անձանց չեզոքացնել ըստ իրավիճակից բխող անհրաժեշտության:
     Մեր հիմնական պահանջն է. Ժողովրդի իշխանությունը յուրացրած և նրա ֆիզիկական անվտանգությունն ու պետության տարածքը վտանգի ենթարկող Սերժ Սարգսյանը պետք է իր վարչախմբի հետ միասին հրաժարական տա և իշխանությունը փոխանցի Ժողովրդի վստահության կառավարությանը: Հակառակ պարագայում ապստամբությունը կծավալվի և նշված պահանջը կկատարվի ժողովրդի պարտադրանքով:

Դիմում ենք Հայկական բանակին

Սահմանային զորամասերի զինծառայողները պետք է մնան իրենց տեղերում և շարունակեն ծառայությունը առավելագույն զգոնությամբ ու ջանասիրությամբ: Իսկ ոչ սահմանային զորամասերի զինծառայողներին կոչ ենք անում միանալ ապստամբությանը և իրենց վերահսկողության տակ վերցնել զորամասերին հարակից տարածքներն ու բնակավայրերը:

Դիմում ենք Արցախի ղեկավարությանը

Ապստամբության գլխավոր խթանը Արցախի ամբողջականության և արցախցիների անվտանգությունը երաշխավորելու ձգտումն է: Մնացեք ձեր դիրքերում և համախմբեք արցախցիներին: Մի քանի օր անց դուք կհամոզվեք, թե Հայաստանի իրապես ազգային կառավարությունն ինչպես է մոբիլիզացնում համայն հայությանը հանուն Արցախի անվտանգության ապահովման:
     Դիմում ենք ոստիկանության ծառայողներին
     Ձեզ տրվում է մեկ ժամ ժամանակ՝ կողմնորոշվելու և որոշում կայացնելու համար: Դուք պետք է չգնաք ձեր ծառայության վայրերը և չմասնակցեք ապստամբած ժողովրդին ճնշելու փորձերին: Մեկ ժամ հետո համազգեստ կրող, առավել ևս՝ ժողովրդի նկատմամբ ուժ կիրառող ոստիկանները կհամարվեն ապստամբության թիրախ և կչեզոքացվեն: Ողջունելի է իր հարազատ ժողովրդի կողքին իր ծառայողական զենքով կամ թեկուզ առանց զենքի կանգնող ոստիկանի արարքը: Այդպիսի ազնիվ և իրավաչափ ընտրություն կատարած ոստիկանները կհիշվեն մեր պատմության մեջ և օրինակ կդառնան ապագա իրավապահների համար:

Դիմում ենք ազգային անվտանգության մարմինների ծառայողներին
     Դուք պետք է մնաք ձեր ծառայության վայրերում և կատարեք ձեր պարտականությունները արտաքին հետախուզության և հակահետախուզության ուղղությամբ: Ժողովրդի դեմ որևէ գործողության մասնակցելու կամ ապստամբների պահանջներին չենթարկվելու դեպքում դուք նույնպես կդառնաք ապստամբության թիրախ և կչեզոքացվեք:

Եկել է ազատության, արժանապատվության, արդարության և իրավունքի ժամանակը: Մե՛նք ենք տերը մեր երկրի:

«Սասնա Ծռեր» խմբավորում, 17-ը հուլիսի 2016 թ., ժամը 5:28»:

21007 | 3
Facebook