Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ամեն ինչ արվում է, որպեսզի հակակարկտային համակարգը պահվի, որովհետև բավականին յուղոտ կտոր է բյուջեից գնում դրա ֆինանսավորման համար». Հրաչ Բերբերյան

14:10, երեքշաբթի, 12 հուլիսի, 2016 թ.
«Ամեն ինչ արվում է, որպեսզի հակակարկտային համակարգը պահվի, որովհետև բավականին յուղոտ կտոր է բյուջեից գնում դրա ֆինանսավորման համար». Հրաչ Բերբերյան

Հուլիսի 10-ին Արարատյան դաշտավայրում և Արագածոտնի մարզում տեղացած կարկուտն ամբողջությամբ ոչնչացրեց գյուղացիական ցանքատարածությունները` գետնին հավասարեցնելով գյուղացու միակ հույսը:

Օհանավան գյուղի բնակիչ Էվելինա Ասատրյանը, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, արցունքն աչքին պատմում էր, որ թե´ տնամերձ այգում, թե´ հանդերում, վիճակը սարսափելի է. կարկուտը հիմնահատակ ավերել է բոլոր ծառերն ու ցանքսերը. «Բոլոր խնդիրների լուծումը հողամասից ստացված եկամուտի հետ էինք կապում` երեխու ուսման վարձը, բանկերում վարկերի մարումը, կենցաղային բոլոր հարցերը…հիմա ի՞նչ ենք անելու, չգիտեմ: Չենք հավատում, որ պետությունը ձեռք կմեկնի, ամեն տարի հայտարարում են, թե ձեր կողքին ենք, կօգնենք, ոչինչ էլ չեն անում»,- սրտնեղեց մեր զրուցակիցը:

Գյուղացիների պատմելով, հակակարկտային կայանները չեն գործել կարկուտի ժամանակ, իսկ մինչ այդ էլ երբեք արդյունք չեն տվել, իսկ թե ինչի համար են դրանք տեղադրված, իրենք էլ չգիտեն:

Եվ իսկապես, որքան էլ հետաքրքիր է` տարիներ շարունակ միլիոնավոր գումարներ են ծախսվում հակակարկտային կայանների տեղադրման համար, սակայն դեռևս չի արձանագրվել մի դեպք, որ դրանք կարողացել են պաշտպանել բերքը: Ուրեմն ինչո՞ւ է շարունակվում այդ կայանների ձեռք բերման գործընթացը, ի՞նչ նպատակով են անիմաստ վատնվում բյուջեի գումարները և ինչո՞ւ դրանք չենք փոխարինվում ցանցերով, որոնք, ինչպես շատ փորձագետներ են հավաստում, գործում են ավելի արդյունավետ:

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով հակակարկտային կայաններին վերաբերող խնդրին, ասաց, որ թեև տասը տարի շարունակ պայքարում են դրանց դեմ, բայց «մարդիկ, պնդաճակատորեն, բյուջեի գումարները ծախսելով` շարունակում են տեղադրել դրանք»: «Ես երբեք չեմ ասել հակակարկտային ծառայությունը վատ է աշխատել, ես ասել եմ` կայանները բանի պետք չեն: Այդ կայանների վերաբերյալ մեր կարծիքը միշտ բացասական է: Կառավարությունը մի քանի ամիս առաջ, կարծես թե, կասեցրել էր հակակարկտային կայանների ֆինանսավորումը, բայց, ի զրամանս մեզ, մեկ ամիս առաջ վարչապետը հայտարարեց, որ էլի ձեռք են բերելու: Թե ինչ նպատակներ ունեն, չենք կարող ասել»,- տարակուսեց Բերբերյանը:

Նրա խոսքով` ցանցային համակարգին անցնելու դեպքում, 100%-անոց արդյունավետությունն ապահովված է, իսկ թե ինչո՞ւ չենք անցնում, մեր զրուցակիցը ներկայացրեց իր սեփական կարծիքը. «Ուղղակի ամեն ինչ արվում է, որպեսզի հին համակարգը պահվի, որովհետև բավականին յուղոտ կտոր է բյուջեից ֆինանսավորվում դրա համար…: Մարդիկ կան, որ հին համակարգը պահելու համար փորձում են ինչ-որ աստղաբաշխական թվերի մասին խոսել` հայտարարելով, թե դրանց ցանցապատումը բավականին թանկ հաճույք է, սակայն այդ ցանցը մենք Հայաստանում էլ կարող ենք արտադրել, որի համար, ընդամենը, 1500-2000 դոլար է պահանջվում»,- վստահեցրեց նա` հավելելով, որ այս թեմայի հետ կապված բազում մթին հարցեր կան:

6962 | 0
Facebook