Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ի ողջ տարածքով ընդլայնվում է ոստիկանների դեմ իրականացվող բողոքի ցույցերի աշխարհագրությունը

11:35, երկուշաբթի, 11 հուլիսի, 2016 թ.
ԱՄՆ-ի ողջ տարածքով ընդլայնվում է ոստիկանների դեմ իրականացվող բողոքի ցույցերի աշխարհագրությունը

Միացյալ Նահանգներում ընդլայնվում են ոստիկանների դեմ բողոքի ակցիաների շրջանակները: Դրանք կապված են վերջերս ոստիկանների կողմից Մինեսոթայում և Լուիզիանայում աֆրոամերիկացիների սպանությունների հետ:

Մինեսոթայում ցուցարարները փակել են ճանապարհն ու պայթուցիկներ նետել ոստիկանների ուղղությամբ: Բատոն Ռուժ քաղաքում «Նոր սև հովազներ» ինքնապաշտպանական ջոկատների զինված ստորաբաժանումները հակահարված են տվել ոստիկանությանը: Ինչպես հայտնում է BBC-ի թղթակիցը, ցուցարարները 5 գիշեր անընդմեջ դուրս են եկել փողոցներ, նրանք լի են կատաղությամբ, նրանց միջև կրքերը բորբոքվում են միտինգից միտինգ, ինչին ոստիկանությունն արձագանքում է լիակատար մարտական պատրաստականությամբ: «Կողմերը կանգնած են դեմ-դիմաց, արգելափակված է հիմնական մայրուղին, որ տանում է դեպի ոստիկանական տեղամաս: Ոստիկանությունը պարբերաբար շարքեր է կազմում և ամբոխից մարդիկ որսալով՝ նրանց տանում տեղամաս»,- հաղորդում է ականատես լրագրողը:

Լարված իրավիճակը շարունակվում է նաև Դալլասում, որտեղ անցած հինգշաբթի 25-ամյա սևամորթ Միկա Ջոնսոնը գնդակահարել էր 5 ոստիկանի բողոքի ակցիայի ժամանակ:

Դալլասում ուժեղացվել են անվտանգության նորմերը, երբ ոստիկանական տեղամաս են ուղարկվել անանուն սպառնալիքներ ոստիկանների վրա նոր հարձակումների վերաբերյալ:

Նշենք, որ ոստիկանների կողմից սևամորթների սպանությունների դեմ զանգվածային ակցիաների առիթ է հանդիսացել Ֆիլանդո Քասթիլի սպանությունը Մինեսոթայում և Ալթոն Սթերլինգի սպանությունը Լուիզիանայում:

Սան Ֆրանցիսկոյում և Քալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում մի քանի հարյուր ցուցարարներ փակել են ճանապարհները և կամուրջները: Խաղաղ ցույցեր են անցկացվել նաև Ուեսթ Փալմ Բիչում, Ֆորթ Լոդերդեյլում, Մայամիում: Նյու Յորքում առնվազն 20 մարդ է ձերբակալվել Մանհեթենում անցկացված բողոքի երթի ժամանակ:

«Մենք մշտապես սպառնալիք ենք զգում, մեզ համակում է վիշտն ու կատաղությունը սևամորթների սպանություների թվի աճի պատճառով»,- ցուցարարներից մեկի խոսքերն է փոխանցում Reuters-ը:

12907 | 0
Facebook