Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մանսա Մուսա՝ ամենահարուստ մարդը մարդկության պատմության ողջ ընթացքում

18:10, կիրակի, 19 հունիսի, 2016 թ.
Մանսա Մուսա՝ ամենահարուստ մարդը մարդկության պատմության ողջ ընթացքում

Մինչ 14-րդ դարում Եվրոպան ցնցվում էր երկպառակտչական պատերազմներից, թուրքերի ու սև ժանտախտի ասպատակություններից, Արևմտյան Աֆրիկայում ծաղկում էր ապրում Մալիի կայսրությունը: Դրա տիրակալ մանսա Մուսան տիրապետել է այնպիսի մի կարողության, որը չի ունեցել և ոչ մի մարդ մարդկության ողջ պատմության ընթացքում:

Նա հայտնի է դարձել դեպի Մեքքա հաջի՝ ուխտագնացության շնորհիվ, որը նա իրականացրել է 1324-25 թվականների ընթացքում: Նրա ահռելի քարավանը, որ բաղկացած է եղել 10 հազար զինվորից, 30 հազար քաղաքացիական անձից, 12 հազար ստրուկից և նրա գալուստն ազդարարող 500 մունետիկներից, կտրել անցել է Սահարա անապատը: Այս հսկայական քարավանը պահելու համար Մուսան իր հետ վերցրել է 12 հազար տոննա ոսկի և ճամփորդության ողջ ընթացքում իրեն ոչ մի հաճույքից չի զրկել: Անգամ Սահարայում նրա սեղանին ամեն օր անպակաս են եղել թարմ ձուկն ու միրգ-բանջարեղենը: Դրանք անդադար բերել են արագընթաց սուրհանդակները:

Իրականացվել են նաև նրա կնոջ՝ Նիերիբա Կոնդեի բոլոր քմահաճույքները: Մի անգամ նա ցանկացել է լողալ լողավազանում: Նույն պահին 8700 ստրուկներ սկսել են փորել անապատի ավազը և երեկոյան տիրուհին 500 աղջիկների հետ սուզվել է լողավազանի ջրերի մեջ՝ լցված տիկերով բերված ջրերով:

Բոլոր այն քաղաքներում, որտեղով անցել է Մուսան, հրամայել է մզկիթներ կառուցել:

Նա ոսկի է բաժանել աղքատներին, ապրանքներ գնել անհավանական բարձր գներով: Դրա հետևանքով խոշոր քաղաքներում՝ Կահիրեյում, Մեդինայում և Մեքքայում հետագա 10 տարիների ընթացքում տեղի է ունեցել ոսկու արժեզրկում: Հետադարձ ճանապարհին մանսա Մուսան մեծ չափերով ոսկի է պարտք վերցրել բարձր տոկոսներով: Սա պատմության միակ դեպքն է եղել, երբ մեկ մարդը կարգավորել է ոսկու գները:

Մալիի գանձարանը հիմնականում համալրվել է ոսկու և աղի հանքերի շնորհիվ: Մուսան նաև մտահոգվել է իր ժողովրդի բարեկեցության համար, նրա գահակալման օրոք երկիրը ծաղկում է ապրել, ամենուրեք կառուցվել են մզկիթներ, ստեղծվել է խոշոր համալսարան, գրադարան: Նա նաև հանդուրժող է եղել այլադավանների նկատմամբ, ինչը կայունություն է հաստատել երկրում:

19432 | 1
Facebook