Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ֆլեշմոբ «Ֆեյսբուք»-ում` Հերմինե Նաղդալյանի հրաժարականի պահանջով

19:25, կիրակի, 01 մայիսի, 2016 թ.
Ֆլեշմոբ «Ֆեյսբուք»-ում` Հերմինե Նաղդալյանի հրաժարականի պահանջով
     Հայտնի է, որ «Ֆեյսբուք»-ում ֆլեշմոբ է սկսվել` ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հրաժարականի պահանջով:
     Հիշեցնենք` լրագրողների հետ զրույցում օրեր առաջ նա հայտարարել էր, որ «մեր փոխզիջումը ոչ թե հինգ տարածքներն են, այլ՝ Մադրիդյան սկզբունքների ամբողջական համալիրը, որտեղ մենք ներկայանում ենք ինքնիշխան պետության համար պայքարող։ Դրա համար մենք ընդունում ենք, որ երբ կլինի հանրաքվե, կընդունվի կարգավիճակի մասին որոշում, աշխարհը կընդունի ԼՂ անկախությունը, մենք էն հողերը, որոնց վրա իրավունք չունենք, մենք էդ հողերը չենք ուզում․․․Սա մեր «բուֆերնի զոնան» է, մեր անվտանգության երաշխիքն է...»:
     Ֆեյսբուքյան ֆլեշմոբին բազմաթիվ օգտատերեր են միացել` տեղադրելով նրա լուսանկարը` հետևյալ գրառմամբ. «Դեմ եմ, որ ադրբեջանական կայքերի հերոսը դարձած Հերմինե Նաղդալյանը ներկայացնի իմ պետությունը և պահանջում եմ նրա հրաժարականը...»:

     «Այս վտանգավոր շրջանում, երբ հակառակորդը տարբեր տեսակի գնահատականներ և հայտարարություններ է փորձում կորզել, որպեսզի արդարացնի իր ռազմական ագրեսիան, ուղղակի անթույլատրելի է նման հայտարարություն անել. շարքային պատգամավոր չէ, ԱԺ փոխնախագահ է»,- մասնավորապես ընդգծել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:
     ՀՀԿ-ում, սակայն, հայտարարել էին, որ չեն պատրաստվում քննարկում կազմակերպել իրենց կուսակցի հայտարարության վերաբերյալ:
     Ավելի ուշ Նաղդալյանը պարզաբանմամբ էր հանդես եկել` նշելով, որ ինքն այն մարդը չէ, որ պարտվողական կամ զիջողական տրամադրված լինի և որ իր խոսքերը թյուր են ըմբռնել, կոնտեքստից կտրել են, ապա սկսել են շահարկել` սենսացիա ստեղծելու նպատակով:
15753 | 9
Facebook