Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

Նամակ` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` մի խումբ հայ մտավորականներից

14:53, երեքշաբթի, 26 ապրիլի, 2016 թ.
Նամակ` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` մի խումբ հայ մտավորականներից

Ձեզ են դիմում Հայաստանի մտավորականները պահանջով՝ կիրառել ձեր երկրի սահմանադրությամբ ու օրենքներով վերապահված իրավասությունը և միջամտել անարդարացիորեն դատապարտված Լևոն Հայրապետյանի գործին՝ նրան ներում շնորհել և անհապաղ ազատ արձակել:
     Ռուսաստանի քաղաքացի, գործարար, Ռուսաստանի կառավարության կողմից Ռուսաստանին մատուցած անգնահատելի ծառայությունների համար պարգևների արժանացած, ռուսական արվեստի ու մշակույթի անշահախնդիր մեկենաս, հայտնի բարերար Լևոն Հայրապետյանը, որ տառապում է ծանր հիվանդություններից, այսօր հայտնվել է ճաղերի հետևում՝ հիմնվելով մարդասպան, ցմահ ազատազրկում կրող անձի ցուցմունքի վրա: Դատավարության վերաբերյալ տեղեկատվությունից կարելի է եզրակացնել, որ կան չպարզաբանված և չհաստատված մեղադրանքներ, որից կարելի է ենթադրել, որ այս ԳՈՐԾԸ ակնհայտ քաղաքական պատվեր է:
     Եթե Դուք ծանոթ չեք Լևոն Հայրապետյանին ու նրա հետ կատարվածին, ինչպես նշել եք ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ, ապա արժի, որ Դուք անձամբ ծանոթանաք մի մարդու հետ, ով շատ բան է արել ձեր երկրի համար, որովհետև Ռուսաստանի նման պետությանը բնավ պատիվ չի բերում, որ իր երկրի քաղաքացուն, ում քանիցս արժանացրել են պետական բարձր պարգևների և պատիվների, այս երկու տարում այսչափ նվաստացնեն, հողին հավասարեցեն թե՛քաղաքացու մարդկային արժանապատվությունը, և թե՛ երկրի հեղինակությունը:
     Հնարավո՞ր է արդյոք նույն այդ մարդուն պետական ամենաբարձր պաշտոնյաների մակարդակով մեծարել, իսկ երկրի նախագահն անգամ նրա անունը լսած չլինի:
     Այնպիսի բանտախցում, ինչպիսիք մոսկովյան Բուտիրկայում են, ուր Լևոն Հայրապետյանին են ուղարկում. բանտարկյալները հերթով են քնում՝ մահճակալ չլինելու պատճառով: Ի՞նչ ծանր և ահավոր հանցանք է գործել Լևոն Հայրապետյանը, որ ծեր և ծանր հիվանդ մարդուն ենթարկում են դաժան կտտանքների՝ դատը ձգձգելով երկու տարուց ավելի և վերջում էլ դատապարտում չորս տարվա ազատազրկման՝ անմարդկային պայմաններում անցկացնելու պատիժը:
     Մեր ժամանակներում, եթե մարդու իրավունքների այսօրինակ կոպիտ խախտումներ են լինում, միջազգային հանրությունը կարող է և պարտավոր է պաշտպանել նրա մարդկային տարրական իրավունքները, իսկ տվյալ երկրի նախագահն առավել ևս իրավասու է: Բոլոր քաղաքակիրթ երկրներում այսօր պատժի կիրառման ժամանակ մարդասիրությունը կարևոր նախապայման է. նույնիսկ ամենածանր հանցագործություն կատարած անձին ապահովում են կյանքին չսպառնացող պայմաններով՝ ընդհուպ մինչև ազատություն: Լևոն Հայրապետյանն այն վտանգավոր հանցագործը չէ, որին անհրաժեշտ է մեկուսացնել հասարակությունից: Բազմաթիվ ծանր հիվանդություններ ունեցող այս մարդը, որն ունի ամենօրյա բժշկական օգնության կարիք, պարզապես կմահանա բանտում: Իսկ սա նշանակում է, որ ձեր երկիրը Լևոն Հայրապետյանին գիտակցաբար դատապարտել է մահապատժի: Մի մարդու, որն ահռելի ներդրում է ունեցել՝ ՌԴ արտգործնախարար Ս.Լավրովի բնորոշմաբ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ:
     Վլադիմի՛ր Վլադիմիրովիչ, Ձեր իրավասությունների սահմաններում ,պահանջե՛ք վերանայե՛լ Լևոն Հայրապետյանի դատական վճիռը և, Ձեր խղճի մտոք, ազատե՛ք նրան կալանքից՝ համարելով, որ երկու տարի տևած դատական պրոցեսի ընթացքում նա կրել է իր պատիժը:
     Վլադիմի՛ր Վլադիմիրովիչ, ակնկալում ենք Ձեզնից ռուս մարդու՝ արդարության և բարության հանդեպ ունեցած բնական արձագանք: Եվ դիմում ենք Ձեզ՝ որպես Ռուսաստանի առաջնորդի և ՔՐԻՍՏՈՆՅԱՅԻ, ում հավատի և հոգևոր Էության հիմքում մարդասիրությունն է և երախտագիտությունը: Բարեգթությու՛ն դրսևորեք Լևոն Հայրապետյանի հանդեպ: ,Եվ ՁԵԶ ՝ որպես Ռուսաստանի առաջնորդի, Աստված կարձագանքի նույն բարեգթությամբ:

Երևանի մի խումբ հայ մտավորականներ

27585 | 2
Facebook