Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ո՞վ է պատասխանատու Սարի թաղի տրանսպորտային անբարեխիղճ սպասարկման համար

14:50, ուրբաթ, 22 ապրիլի, 2016 թ.
Ո՞վ է պատասխանատու Սարի թաղի տրանսպորտային անբարեխիղճ սպասարկման համար

Երևանի ամենահին թաղամասերից մեկի` Սարի թաղի խնդիրներին անդրադառնալիս, սույն թաղամասի բնակիչները ցավով արձանագրում են, որ այն երբեք մայրաքաղաքի մաս չի կազմել, կեսկատակ-կեսլուրջ էլ ավելացնում` «Սարի թաղը Երևանի քարտեզից դուրս է», ինչում, ի դեպ, մեծ ճշմարտություն կա: Եվ իսկապես, Էրեբունի վարչական շրջանում գտնվող բազմաբնակիչ թաղն իր նիստուկացով, բարքերով, միօրինակ ու տխուր առօրյայով խիստ տարբերվում է Երևանի ցանկացած թաղամասից: Այստեղ ամեն ինչ` սկսած փողոցներից, տրանսպորտից, կրթական և առողջապահական հաստատություններից, անմխիթար վիճակում են: Տեղաբնակներն իրենք էլ գիտեն, որ իրենց մասին չինովնիկները հիշում են ընտրությունից ընտրություն: Այսօր, սակայն, շատ բան է փոխվել սարիթաղցու հոգեբանության և աշխարհընկալման մեջ: Եթե նախկինում, յուրաքանչյուր առիթով և արված չնչին գործով կարելի էր «թոզ փչել» նրանց աչքին, այժմ դա անելը մի փոքր դժվար է դարձել: Տեղաբնակները միաբերան կփաստեն, որ իրենց թիվ մեկ մտահոգությունը տրանսպորտային խնդիրն է, որը տարիների հետ ավելի է ահագնանում: Նշված խնդիրը, որը երևի թե գոյություն ունի այս թաղի հիմնադրման օրվանից, թվում է` երբեք լուծում չի ստանալու: Մայրաքաղաքի տրանսպորտի երթևեկությունն ապահովող պետական կառույցները մշտապես աչք են փակել այս հարցի վրա` չցանկանալով «կպնել» ավտոբուսային այս երթուղու գիծն սպասարկող սեփականատիրոջ «խաթրին»: Թիվ 21 ավտոբուսը չի բավականացնում մեծաթիվ բնակչությանը սպասարկելուն: Մարդիկ առավոտյան ժամերին գրեթե միշտ ուշանում են աշխատանքից, քանի որ միակ ավտոբուսն աշխատում է 30 րոպեն մեկ հաճախականությամբ: Եթե հաշվի առնենք, որ այդ համարի ավտոբուսից թաղում լավագույն դեպքում երեք հատ կա` ուրեմն դժվար չէ նաև պատկերացնել, թե ինչ է կատարվում կանգառներում կուտակված` աշխատանքից, դպրոցից, ուսումնական այլևայլ հաստատություններից ուշացող մարդկանց հետ այն պահին, երբ իրենց է մոտենում արդեն ուղևորներով ծանրաբեռնված ավտոբուսը…Ամենազավեշտալին թերևս այն է, որ նշված ավտոբուսն աշխատում է մինչև երեկոյան ժամը 21:00-ը, և եթե, Աստված ոչ անի` որևէ մեկն ուշանա մեկ րոպեով, կա՛մ պետք է մնա կանգառում կանգնած, կա՛մ ոտքով գնա, ինչը, ի դեպ, սովորական երևույթ է, կա՛մ էլ տաքսի նստի, որը անելու հնարավորություն այսօր ոչ բոլորը ունեն: Այս տրանսպորտից օգտվող մեր հայրենակիցները ոչ միայն հոգեբանական վնաս են կրում` երկար ժամանակ փողոցի անկյուններում կուչ գալով, այլև` նյութական, քանզի, գծի տիրոջ որոշմամբ, այս ավտոբուսները «չեն բարեհաճում» «Գումից» կամ նախկին «Ռոսիա» կինոթատրոնից մի մետր ավելի շարժվել և ստիպում են մարդկանց որևէ տեղ գնալու համար երկու տրանսպորտ փոխել:

Տարիներ առաջ տեղաբնակները սիրտ արեցին բարձրաձայնելու իրենց գանգատների մասին «վերին ատյաններում» և նամակ հղեցին «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանին: Նամակում վեր հանված խնդիրները հիմնականում վերաբերվում էին տրանսպորտային հարցերին, մայթերի անբարեկարգ վիճակին, թաղամասի մուտքի ծանրաբեռնված խաչմերուկին, որը վտանգավոր էր հետիոտնի անցուդարձի համար: Անահիտ Բախշյանը դիմեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով քննարկել նշված խնդիրների լուծման առաջարկները, մինչդեռ քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցները դժվար լուծելի խնդիր համարեցին Սարի թաղի փողոցներում նոր երթուղի ավելացնելն ու հետիոտնի ապահով անցուդարձի համար կամրջակ կամ վերգետնյա անցում կառուցելը` նշելով, որ դրանք մինչ այժմ կառուցվել են ոչ թե քաղաքապետարանի, այլ՝ ներդրողների բյուջեով:

Թե ինչպիսի ծրագրեր կան (եթե իհարկե կան) մոտ ապագայում` վերոնշյալ խնդրի հետ կապված, MAMUL.am-ի թղթակիցն առաջիկայում կփորձի պարզաբանում ստանալ Երևանի քաղաքապետարանից:

5094 | 0
Facebook