Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Համոզված եմ` դա իշխանությունների սարքածն է». Արամ Հարությունյանը` ցուցակագրված քաղաքական 50 գործիչներից 5-ական մլն դոլար հավաքելու մասին

19:15, հինգշաբթի, 21 ապրիլի, 2016 թ.
«Համոզված եմ` դա իշխանությունների սարքածն է». Արամ Հարությունյանը` ցուցակագրված քաղաքական 50 գործիչներից 5-ական մլն դոլար հավաքելու մասին

Երեկվանից համացանցում ակտիվիստների մի խումբ կոչ է անում Բաղրամյան 26-ին` պաշտոնից հեռացնել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին և աջակցություն ցուցաբերել վերջերս պատերազմում զոհված ու վիրավորված զինվորների ընտանիքներին: Ընդ որում նշված է, որ այս աջակցությունը պետք է կատարվի ոչ թե պետբյուջեի, այլ Հայաստանում ապրող և գործող պետական ու քաղաքական 50 գործիչների հաշվին:

Նախաձեռնությունը երկրի ղեկավարից պահանջում է 5–ական միլիոն դոլար հավաքել նշված անձանցից, որոնց մեջ գերակշռող մաս են կազմում Հանրապետականները:

Ցուցակագրվածների շարքում թեպետ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունն էլ է նշված, սակայն, կարծիքներ հնչեցին, որ այս միջոցառումը վարպետորեն կազմակերպված է հենց վերջինի կողմից:

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում` մեկնաբանելով բողոքի ակցիան, վստահեցրեց, որ այն «իշխանությունների ձեռագիրն է», ինչը Քոչարյանի հետ կապ չունի: «Համոզված եմ` դա իշխանությունների սարքածն է, թիրախ են ընտրել ինչ-որ մարդկանց, բայց մենք հասկանում ենք, որ դա անլուրջ է: Որոշ մարդկանց կուլակաթափ անելու օպերացիա է: Նաև գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանի համար յուրայիններ չկան, երբ պահը եկել է, նա զոհաբերել է մտերիմ ցանկացած մարդու: Մենք տեսնում ենք, թե ովքեր են ակտիվիստները: Նրանք, այսպես ասած, Միշիկի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն են, որոնք պետք է կարողանան հասկանալ, եթե իհարկե չեն հասկանում, որ ամեն ինչի մեղավորը Սերժ Սարգսյանն է. որ բանակը չի զինել, որ արտաքին պարտքը եռապատկվել է, որ լուրջ ազգանպաստ ներդրումներ չեն եղել, ՊՆ-ին զինամթերքի համար հատկացված գումարները նպատակին չեն ծառայել: Այնպես որ, ծիծաղելի է այս հարցում մեղադրել մեկ ուրիշի»,- նշեց Հարությունյանն` ընդգծելով, որ այսօրվա վիճակի թիվ մեկ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, որի անունը ցուցակում չկա: «Ես մի առիթով ասել եմ, որ այս իշխանություններն ամեն ինչից օգուտ են ստանում` երբ անգամ կարկուտը խփում է, նույնիսկ այս պատերազմից էլ են իրենք ուզում օգուտ քաղել, նույնիսկ մեր զինվորների արյունն ու ժողովրդի վրդովմունքն են օգտագործում իրենց պլաններն իրագործելու նպատակով: Նրանց նպատակներից մեկը մեկ օլիգարխի տնտեսություն ստեղծելն է»,- շարունակեց մեր զրուցակիցը` նշելով, որ նախաձեռնության պահանջը ճիշտ չի դրված. «Ոչ թե պետք է պահանջել Ս. Սարգսյանը կուլակաթափ անի ինչ-որ մարդկանց, այլ հենց իրենից պետք է պահանջել: Այդ ցուցակի մեջ այնպիսի անուններ են գրված, որոնք հաստատ 5 միլիոն չունեն: Միտումն այն է, որ տեսեք` մենք մեր թիմակիցներից էլ ենք պահանջում: Այդ ցուցակում Միքայել Մինասյանի անունն էլ չկար, հավանաբար նոր են ավելացրել, ընդամենը ցուցակի արտաքին ձևավորման համար, թե տեսեք` նա էլ է ընդգրկված: Այս ամենից պարզ է դառնում, որ սա իշխանությունների սարքածն է: Իսկ Սաշիկինն արդեն սարվատ դեպք է, նրա անունը հա էլ կարող են գրել, որ ոչ մի բան չլինի էլ` նա միշտ կա ու կա: Ինչքան Սաշիկի անունը տան` այնքան անլուրջ է դառնալու ամեն ինչ»,- եզրափակեց Հարությունյանը:

16794 | 2
Facebook