Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Չի գրավում արտերկիրը, հատկապես՝ ստեղծագործելու համար». գեղանկարիչ Փափագ Ալոյան

16:45, ուրբաթ, 01 ապրիլի, 2016 թ.
«Չի գրավում արտերկիրը, հատկապես՝ ստեղծագործելու համար». գեղանկարիչ Փափագ Ալոյան

Հարցազրույց` գեղանկարիչ Փափագ Ալոյանի հետ
    
    
Փափագ Ալոյանը 1985-2001 թթ. աշխատել է Հայաստանի գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում` որպես կերպարվեստի ուսուցիչ-խմբավար, այնուհետև` փոխտնօրեն։ 2001 թվականից Վանաձորի կերպարվեստի թանգարանի տնօրենն է։ 1996-2013 թթ. Հայաստանի նկարիչների միության Վանաձորի նկարիչների բաժանմունքի պատասխանատու քարտուղար։ 2013 թվականից Հայաստանի նկարիչների միության Լոռու մարզի նկարիչների բաժանմունքի նախագահն է։ 1991թ. ՀՀ նկարիչների միության անդամ, 2011թ. Մոնրեալի միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի անդամ։
    
     Գեղանկարիչ-բանաստեղծ Փափագ Ալոյանն իր շուրջ 40 տարվա մանկավարժական գործունեությունը, ստեղծագործելը, պաշտոնավարելը, վեր է ածել յուրօրինակ նվիրումի` հանրապետությանը ծառայելով որպես գեղագետ ու լավագույն արժեքների պահպանման, զարգացման գործի անդավաճան նվիրյալ։
    
     - Պարոն Ալոյան, ինչո՞ւ Ձեզ գրավեց հենց արվեստը և մտաք այդ աշխարհ:
    
    
- Կարծում եմ՝ այդ հարցը պիտի ուղղել տեր Աստծուն, որովհետև դրա մեղավորը ես չեմ:
    
     - Ի՞նչ խնդիրներ ունեն այժմ արվեստագետները, ի՞նչ դժվարություններ են հաղթահարում նրանք:
    
    
- Ընդհանուր առմամբ, արվեստագետները նույնպես հասարակության անդամ են և այն բոլոր հարցերը, որ գոյություն ունեն հասարակության մեջ, պատկանում են նաև արվեստագետներին: Պարզապես նրանք մի փոքր տարբերվում են մյուսներից նրանով, որ պետք է կարողանան լինել առաջնային, այսինքն արվեստագետը պիտի կարողանա ոչ թե իջնել պահանջարկի, շուկայի մակարդակին, այլ փորձի պահաջարկը բարձրացնել իրեն մակարդակին:
    
     - Ըստ Ձեզ՝ արվեստասեր հանրությունը ի՞նչ է ակնկալում Ձեզնից:
    
    
- Բարդ հարց է, որովհետեև այն հանրային աշխատանքը, որ ես եմ կատարում, խանգարում է ստեղծագործական աշխատանքին: Կարծում եմ՝ արվեստասեր հանրությունը, ընկերական իմ շրջապատը ինձնից ակնկալում են բազում ստեղծագործություններ, մեծ աշխատանք:
    
     - Որո՞նք են այն հիմնական գույները, որ միշտ անպակաս են Ձեր կտավներից:
    
    
- Իմ ստեղծագործությունների հիմնական գույներն են մոխրագույնը և շագանակագույնը, բայց հաճախ կարող են լինել նաև տաք դեղիններն ու կարմիրները, իսկ երկու-երեք տարին մեկ՝ ժամանակ առ ժամանակ մտնում եմ նաև կապույտի աշխարհ:
    
     - Դուք ծնվել և մեծացել եք Վանաձորում։ Որքանո՞վ է Լոռին ներշնչանքի աղբյուր հանդիսացել կտավների ստեղծման մեջ:
    
    
- Ամբողջությամբ իմ ներշնչանքը հենց Լոռին է: Իմ ուսանող տարիներին, երբ սովորում էի Երևանում, մշտապես ձգտում էի հաճախ փախչել, գալ Վանաձոր։ Մերոնց չէի կարոտում, այլ Լոռվա բնաշխարհը:
    
     - Համաշխարհային ո՞ր նկարչի ստեղծագործական ոճն է Ձեզ հոգեհարազատ:
    
    
- Կոնկրետ անուն չտամ, բայց հիմնականում իմպրեսիոնիստները, որովհետև նրանք ավելի շատ ստեղծագործել են տպավորության տակ: Ես նույն խառնվածքի մարդ եմ:
    
     - Կցանկանայի՞ք ապրել և ստեղծագործել արտկերկրում:
    
    
- Ոչ, որովհետև չի ձգում ինձ արտերկիրը, հատկապես՝ ստեղծագործելու համար: Ես ունեցել եմ հնարավորություն ապրելու և ստեղծագործելու Փարիզում, բայց կարոտը թույլ չի տվել: Հայրենի աշխարհի այն պաշարը, որ ինձ դրդում է ստեղծագործել, ոչ մի ուրիշ տեղ ես չեմ կարող գտնել: Ի տարբերություն երիտասարդ տարիներիս, երբ ասում էին, որ հողը ուժ ունի, ես քամահրանքով էի վերաբերվում այդ մտքին, բայց տարիներ անց զգացի, որ հայրենի հողն իսկապես հզոր ուժ ունի:
    
     - Եվ վերջում. Ձեր խորհուրդը սկսնակ նկարիչներին:
    
    
- Սկսնակ նկարիչներին միակ ու կարևոր խորհուրդս՝ եթե սիրում եք, ուրեմն նվիրվեք, իսկ եթե խաղալու եք, ավելի լավ է՝ ընտրեք ուրիշ խաղ:
    
     Զրույցը վարեց Մանե Ղարդյանը

9515 | 0
Facebook