Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ֆիլմը զերծ է դաժան և արյունալի տեսարաններից». «Կանչ» գեղարվեստական ֆիլմի ռեժիսոր

18:03, չորեքշաբթի, 30 մարտի, 2016 թ.
«Ֆիլմը զերծ է դաժան և արյունալի տեսարաններից». «Կանչ» գեղարվեստական ֆիլմի ռեժիսոր

«Յուրաքանչյուր ֆիլմի նկարահանման փուլում լինում են խոչընդոտներ ու խնդիրներ: Կարևորն այն հաղթահարելն է, մենք անմասն չէինք այդ ամենից»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում անկեղծացավ «Կանչ» գեղարվեստական ֆիլմի ռեժիսոր Գուժ Թադևոսյանը:

Նրա խոսքով` ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Երևանում, Բջնիում և Բագարան գյուղում: Ֆիլմի հետարտադրական փուլը գրեթե ավարտված է և այն շուտով պատրաստ կլինի:

«Ֆիլմը մասամբ հիմնված է իրական փաստերի, այսինքն՝ պատմական նյութի վրա։ Մենք նկարագրում ենք 1909-ի Ադանայի ու Քեսաբի ողբերգական դեպքերը։ Մի գյուղի պատմություն՝ իր կենցաղով, ապրելակերպով, նիստուկացով, վարքուբարքով։ Եվ այդ լոկալ տարածության շնորհիվ ստանում ենք գլոբալ իրականության պատկեր ու կերպար։ Այնուհետև, ըստ ֆաբուլայի զարգացման, ցուցադրում ենք, որ թուրքերը ներխուժում են գյուղ, սկսում կոտորել խաղաղ բնակչությանը»,- պատմեց ֆիլմի ռեժիսորը: Նրա բնորոշմամբ` այս ամենը, սակայն, արել են ոչ ուղղակիորեն։

«Քանի որ մեր ունեցած բոլոր ֆիլմերն այս թեմայով շատ ծանր ու դաժան կոտորածի տեսարաններ են պարունակում, արյունալի սպանդ ու ոճիր, ես` որպես բեմադրիչ, որոշեցի գնալ մեկ այլ՝ այլաբանական ճանապարհով, ավելի ասոցիատիվ, մետաֆորիկ։

Մեր հերոսը` փոքրիկ Վարդանը, որ իր հոտն է արածացնում, հենց այդ սարսափելի պահին էլ հետ է վերադառնում գյուղ։ Եվ նրա աչքի առջև ամեն բան փոխվում է։ Գյուղ են մտնում թալանչիները, գողանում ամեն ինչ։ Տեսնելով դա` տղան կարողանում է փախչել։ Սա խոսում է հայի խելքի, ճարպկության մասին։ Փաստորեն, նա կարողանում է փախուստ տալ մահվան ճիրաններից»,- պատմեց Գուժ Թադևոսյանը:

Ռեժիսորի նկարահանած ֆիլմերը մասնակցել են 50-ից ավելի միջազգային կինոփառատոնների և արժանացել բազմաթիվ մրցանակների: Նրա ֆիլմերը, որպես գաղափարային և հստակ ասելիք ունեցող ֆիլմեր, մշտապես առանձնացվել է ժյուրիի անդամների կողմից:

Գուժ Թադևոսյանի խոսքով` «Կա՛նչ» ֆիլմն ունի հստակ ասելիք. «Հայի տեսակը չի կորում, և իր տեսակի պահպանման համար պայքարի մեջ է»: Ռեժիսորը վստահ է, որ միջազգային ասպարեզում կգնահատեն ֆիլմի գաղափարը:

Հիշեցնենք, որ «Կա՛նչ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան նախատեսված է ապրիլի 13-ին` «Մոսկվա» կինոթատրոնում:

5673 | 0
Facebook