Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Գրախանութը ոչինչ չի անում, մենակ լափում, գռփում ու խանգարում է». Արմեն Մարտիրոսյան

14:05, ուրբաթ, 18 մարտի, 2016 թ.
«Գրախանութը ոչինչ չի անում, մենակ լափում, գռփում ու խանգարում է». Արմեն Մարտիրոսյան

«Շատ դեպքերում հրատարակչի շահերը համընկնում են գրողի շահերի հետ, շատ դեպքում` ոչ: Այն, որ Հայաստանում լինեն ընթերցողներ, դա բխում է ևʹ հրատարակչի ևʹ գրողի շահերից: Հրատարակիչն ուզում է այնպիսի ստեղծագործություններ, որ ընթերցողները կարդան, իսկ գրողն ուզում է գրի այն ստեղծագործությունը, ինչ ինքն է ուզում: Եվ դա իր ազատությունն է»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանն, ում հավաստմամբ` իրենք չեն առաջնորդվում ընթերցողի ճաշակով, բայց և չեն անտեսում այն: «Մենք հրատարակում ենք ամենաազդեցիկ գրքերը, որոնք փոխել են աշխարհը: Հաշվի ենք առնում, որ ընթերցողի ճաշակը համապատասխանի բարձրաճաշակ գրականություն ընթերցած մարդկանց ճաշակին, նրանցից են` Զավեն Բոյաջյանը, Տիգրան Մանսուրյանը, Արքմենիկ Նիկողոսյանը, Արամ Պաչյանը, Հրաչյա Սարիբեկյանը: Այնպես ենք անում, որ գոնե թարգմանությունների դաշտում լինի այդպիսի ընտրան»:

Մեր զրուցակիցն անդրադառնալով խնդրին` գիրք կարդում ենք այսօր, թե՞ ոչ, նշեց. «Մի բան է կարդալը, մեկ այլ բան է գիրք գնելը: Սովետական տխմար տարիներին գիրք գնում էին, բայց կարդում էին այնքան, ինչքան այսօր են կարդում: Ուրիշ հարց է, որ կարդացողների մեծ մասը լքել է Հայաստանը: Այն ժամանակ մի քանի օրում 50 հազար տպաքանակ էին գնում, իսկ այսօր` ընդամենը 50»:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով` սպառման մեջ չի կարելի միակողմանի դատել, որովհետև գիտություն կա դրա մասին: Այդ շուկայագիտությունը խոսում է այն մասին, թե ինչպես արտադրողից ապրանքը հասցնես սպառողին: Ապրանքն ինֆորմացիոն ծառայություն է: Հրատարակչի աշխատանքը հենց դա է` պոետի, գրողի խոսքը հասցնել ընթերցողին: Կան կարևոր կանոններ. Կա ապրանք, դա` գիրքն է, գին, և ամենակարևորը` որտեղ պետք է իրացնես: Գինը, եթե համամատենք սովետի տարիների հետ, այն ժամանակ գրքի գինը թանկ չէր գազի գնից, այսօր գրքի գինը գազի վարձից թանկ է»,- նշեց նա:

«Գրքի վաճառքի համար գրախանութ, գրադարաններ և այլ վայրեր պիտի լինեն: Հիմա բացի Խնկո Ապոր և Ազգային գրադարաններից, Իսահակյանի գրադարանի մեկ երկու մասնաճյուղերից, մնացած գրադարանները այնպես չեն ֆինանսավորվում, ինչպես որ ֆինանսավորվում են աշխարհի լավ պետությունների գրադարանները»,- կարծում է Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով` Վրաստանի կառավարությունը, ոստիկանությունն ու պետական հիմնարկներն ունեն գրադարաններ: «Այդ գրադարանները գրքերի կույտ չեն, այլ ամեն օր մարդիկ օգտվում են այդ գրադարաններից, որովհետև գրքերը ժամանակակից են, մյուս կողմից էլ նրանք գիտելիքով են առաջնորդվում: Քանի որ Հայաստանում գիտելիքով չես առաջնորդվում, այլ` ուրիշների սխալները նորից կրկնելով, դրա համար մեր պետությունն անընդհատ հետ է ընկնում: Իսկ մեր կառավարությունն ունի՞ արդյոք գրադարան: Իսկ իրա ինչի՞ն է պետք գրադարանը…»,- նշեց մեր զրուցակիցն, ում համոզմամբ` այսօր գրադարանն էլ բազում խնդիրներ ունի: «Գրադարանավարի աշխատավարձն ամենացածրն է Հայաստանում, հավաքարարի աշխատավարձից էլ ցածր է: Մենք ունենք 1400 համայնքային գրադարաններ, միգուցե դա շա՞տ է, պետք չէր: Այսօր ինչ-որ գյուղապետեր իրենց քրոջ աղջկան են դասավորել այդտեղ կամ իրենց կինն է գումարը ստանում, բայց գրքերը փտած են, չկան: Բայց որոշ գյուղապետեր էլ շենքերը վերանորոգել են, գրքեր են համալրում: Այսինքն` ինչի՞ մի գյուղապետ անի, մյուսը` հակառակը` լափի էդ փողերը»:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով` գրախանութ չպիտի ստեղծեն հրատարակիչները, և գրախանութները չպիտի զբաղվեն հրատարակչությամբ. «Հակառակ դեպքում ստացվում է այն շիլաշփոթը, ինչը ստացվում է մեզ մոտ: Այսօր հին, ավանդական գրախանութները հրատարակիչներին ինֆորմացիա չեն տալիս, թե որ գրքերն են պահանջված: Այսինքն` մարքեթինգը չի աշխատում: Իրենք էնպես են արել, որ ծառի արմատը կտրվի: Իրենք դա վերցրել են իրենց վրա, իրենք են այդ գրքերը հրատարակում: «Անտարես»-ը և «Զանգակ»-ը բազում գրքեր են հրատարակում, և մի շուստրի գրախանութ մեր գրքերը որպես ինտերյեր վերցնում, դնում է, տեսնում է, որ գրքի պահանջարկը կա, ասում է` հարիֆ հրատարակիչները թող բերեն իրանց փողերն իմ գրախանութում մսխեն, բայց հիմնական սպառվող գրքերը ես կհրատարակեմ: Բայց այդ շուստրիների դարը շուտով ավարտվելու է»,- իր մտահոգությունը հայտնեց «Անտարես» հոլդինգի նախագահը:

Նա կարծիքով` շատ կարևոր է գրքի գովազդը, մինչդեռ` այսօր որևէ գրքի պատշաճ գովազդ չկա:

«Հենց որ գիրքը ստանում է գովազդային արշավ, անմիջապես սկսում է վաճառվել»:

Արմեն Մարտիրոսյանը պատմեց, որ Վահան Հովհաննիսյանի գրքից վաճառվել էր ընդամենը 3 օրինակ, նրա մահից հետո Դաշնակցությունը ևս 20-ը գնեց, որից հետո գնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու նվիրեց անձնակազմին: «Նրա այդ մի քայլը ստիպեց, որ մնացած բոլոր գրքերը 3 օրում վաճառվեն: Պատկերացրեք, որ մեր պաշտոնյաները հաճախ անդրադառնային գրքին»,- ասաց նա:

Արմեն Մարտիրոսյանին խիստ մտահոգում է այն հանգամանքը, որ իրենք` հրատարակիչներն այսօր չգիտեն, թե ընթերցողն ինչ պահանջարկ ունի, քանի որ գրախանութները կտրել են այդ ճանապարհը: «Ավանդական գրախանութները սղոցում են վաղվա հայ գրականությունը: Գրադարանավարը մեզ հուշում է, թե ինչի կարիք ունի ընթերցողը, այդկերպ փորձում ենք այդ բացը լրացնել: Ոչ մի բան գրախանութը չի անում. մենակ լափում, գռփում ու խանգարում է»,- ընդգծեց նա: Նրա կարծիքով` պատահական չէ, որ Գերմանիայում` 1883-ին օրենքով արգելվեց, որ գրախանութը գիրք հրատարակի, իսկ հրատարակիչը վաճառքով զբաղվի:

Ամփոփելով զրույցը Արմեն Մարտիրոսյանը նշեց. «Փառք Աստծո, գրախանութների հույսին չենք մնացել, ուրիշ երկրներում էլ գրախանութներ կան, և, եթե հայաստանցին ուտում է թուրքական շաուրմա, անգլիական սնիկերս և խմում ամերիկյան կոկա-կոլա, ուրեմն ինքը նաև բոլոր համամարդկային արժեքները պատրաստ է ընկալել: Այն, ինչը աշխարհում սպառողը գնահատում ու կարևորում է, մենք բերում ենք Հայաստան: Մյուս կողմից հայ գրողները, լինելով բանիմաց ու շփվող, հասկանում են աշխարհում ինչ տենդենցներ կան, և ես համոզված եմ, որ այսօր հայ գրողները համաշխարհային տենդենցներում են»,-եզրափակեց Արմեն Մարտիրոսյանը:

14220 | 0
Facebook