Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինչու է դպրոցում սեռական դաստիարակությամբ զբաղվում ֆիզկուլտուրայի ուսուցիչը

14:45, չորեքշաբթի, 02 մարտի, 2016 թ.
Ինչու է դպրոցում սեռական դաստիարակությամբ զբաղվում ֆիզկուլտուրայի ուսուցիչը

Հայաստանի դպրոցներում այսօր սեռական դաստիարակության հարցերը ներառված են Առողջ ապրելակերպ դասընթացի շրջանակներում, որը դասավանդում է ֆիզկուլտուրայի ուսուցիչը:

Սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի խոսքով` սեռական դաստիարակությունը մասամբ սկսվում է ընտանիքից, հետո դպրոցը գալիս է օժանդակելու: «Սակայն, այսօր մենք այդ բացը ոչ մի ձևով չենք կարողանում լրացնել, որովհետև դպրոցներում սեռական դաստիարակության հարցերը ներառված են Առողջ ապրելակերպ դասընթացի շրջանակներում, որը պարապում է ֆիզկուլտուրայի ուսուցիչը: Դա սխալ է: Եթե մենք դա անում ենք ուղղակի անելու համար, ավելի լավ է չանենք»: Վրեժ Շահրամանյանի խոսքով` իրենք` խնդրի լուծման նպատակով, ասոցիացիայի կողմից հանդես են եկել առաջարկով.

«Մենք ծրագիր ենք կազմել և առաջարկով հանդես ենք եկել մեր ասոցիացիայի կողմից, որ դպրոցի ուսուցիչներն անցնեն համապատասխան վերապատրաստում, ստանան համապատասխան գրականություն և դպրոցներում պարապեն»: Սակայն, սեքսոպաթոլոգի կարծիքով, դեռևս լուրջ տեղաշարժ չկա: «Այսօր հատուկենտ դպրոցներում կարելի է նկատել, որ իսկապես մասնագետն է անցկացնում այդ դասընթացը: Այսինքն` դպրոցի տնօրենը հրավիրում է սեքսոպաթոլոգի կամ գինեկոլոգի, ով թեկուզ սակավ ժամերի սահմաններում, բայց փորձում է ինչ որ ինֆորմացիա մատուցել»:

Այս խնդրի շուրջ MAMUL.am-ի թղթակիցը զրուցեց նաև Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանի հետ, ում համար ևս խնդիրը մտահոգիչ է:

«Որքանով տեղյակ եմ, երբ Առողջ ապրելակերպ առարկան ներդրվեց, այն մարդիկ, ովքեր դպրոցում պիտի պարապեին, վերապատրաստվել էին: Կարծում եմ՝ առողջ ապրելակեպը կամ սեռական դաստիրակությունը չպիտի լինի կոնկրետ առարկա, այլ պետք է լինի բոլոր առարկաների մեջ ներծծված: Մաթեմատիկայի դասին էլ պիտի խոսեն դրա մասին, մայրենիի դասին էլ: Երեխան պետք է ամբողջական կրթությամբ ձեռք բերի այդ առողջ ապրելակերպի բոլոր դրույթները»,- վստահ է Անահիտ Բախշյանը: Նրա խոսքով` նույնիսկ մաթեմատիկայի ուսուցիչը պետք է այդ առողջ ապրելակերպը քարոզող մարդ լինի:

«Յուրաքանչյուր առարկայի մանկավարժ պետք է այդ ամբողջական կրթությունը ստանա, իմանա` ինչպես երեխային մատուցել առողջ ապրելակերպը: Ցանկացած մանկավարժ պետք է կարողանա ճիշտ բառապաշարով ամեն ինչի մասին խոսել, որպեսզի այդ երեխայի երևակայությունը չվառվի»,- նշեց մեր զրուցակիցն, ում կարծիքով` այսօրվա մանկավարժները շատ անելիք ունեն:

«Այսօր մանկավարժը դասարանում անքան բան ունի անելու… Միայն իր քառակուսի հավասարումը լուծելով, կամ ֆիզիկայի օրենքներն ասել ու դուրս գալով չի: Նա պետք է իր առարկայի միջոցով ամեն բան կարողանա մատուցի»,- ամփոփեց Անահիտ Բախշյանը:

19580 | 11
Facebook