Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Էս ջունգլիներ են, բա սա քաղա՞ք է... Թամանյանից բան չի մնացել». Հրաչյա Գասպարյան

12:21, չորեքշաբթի, 24 փետրվարի, 2016 թ.
«Էս ջունգլիներ են, բա սա քաղա՞ք է... Թամանյանից բան չի մնացել». Հրաչյա Գասպարյան

«Քաղաքն էլ շնչում է, ապրում է, իր կենսագրությունն ունի: Ինչպե՞ս կարելի է մարդու կենսագրությունը վերացնել: Դա միայն կարող է անել մարդ, ով այս քաղաքի հետ ոչ մի կապ չունի»,- անդրադառնալով Ամիրյան 2 շենքի ճակատային հատվածի ապամոնտաժմանը, որը ժամանակավորապես դադարեցվեց ու համացանցում արդեն տարածվել է լուսանկար, որ ապագայում այն մաս է կազմելու բազմաֆունկցիոնալ համալիրի, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Հրաչյա Գասպարյանը:

«Ես եղել եմ եվրոպական քաղաքներում, այնտեղ կա Հին քաղաք հասկացողություն: Հին քաղաքը լրիվ պաշտպանված է, այդ քաղաքն ամբողջությամբ կա, և այդ շունչը զգում ես այն ժամանակ, երբ տեսնում ես այդ հին քաղաքը: Հասկանում ես, որ քաղաքը չի փոխվել, լրացվել է: Իսկ մենք ուզում ենք փոխենք»,- նշեց ռեժիսորը:

«Էս ջունգլիներ են, բա սա քաղա՞ք է… ամեն մի անկյունի վրա մի բարձրահարկ շենք: Ի վերջո, նույնիսկ մեր ապահովության մասին չեն մտածում, եթե մի հատ նորմալ երկրաշարժ լինի, մտածո՞ւմ են մարդկանց ի՞նչ են անելու… Հայության կեսը կոտորվելու է, որովհետև էս քաղաքում է ապրում: Բացի դրանից, չէ՞ որ դա գեղեցկություն էր, հիմա դա ոչ մեկին պետք չի»,- մտահոգություն հայտնեց Հրաչյա Գասպարյանը: Նրա համար տարօրինակ է, որ քաղաքն այդպես հանգիստ քանդում են և այդտեղ խառնված են մեր ճարտարապետները: «Էլ չեմ ասում, որ Թամանյան-Թամանյան ասում են, բայց Թամանյանից բան չի մնացել: Ես վախենում եմ, որ մի օր կարող են ասել, որ մեր հրապարակը չի համապատասխանում ժամանակակից չափանիշներին և քանդեն, տեղը դնեն մեծ շենքեր, ինչ-որ օֆիսներ… Չի կարելի էդպես վերաբերվել, պետք է սիրել մեր քաղաքը»,- ասաց նա:

Ռեժիսորի խոսքով` հին շենքերը քանդելու փոխարեն հնարքներ կան, որ ամբողջ աշխարհում կիրառում են. «Եթե շենքը ֆիզիկապես հնացել է, այդ շենքն ամրացնում են, հետո մեծ տարածություն են թողնում հետևի մասում, նոր կառուցում են այն, ինչ պետք է կառուցեն: Միգուցե շենքը չունի նախկին ֆիզիկական վիճակը, բայց պահպանել կարելի է: Այդ ինչպե՞ս է, որ եկեղեցին հազարամյակներ կարող են պահպանել, իսկ այդ տները, որոնք ևս սուրբ երևույթներ են, պետք է քնդվեն»,- հավելեց ռեժիսորն ու ամփոփեց. «Խորհուրդ չեմ կարող տալ, բայց խնդրանք ունեմ. ամեն ինչ արեʹք պահպանելու մեր քաղաքը, էն, որ կոչվում է Երևան»:

10610 | 1
Facebook