Այսօր հայ նշանավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանի ծննդյան օրն է
![]() Ճարտարապետ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Թորոս Թորամանյանը հայկական ճարտարապետության գիտական ուսումնասիրության հիմնադիրն է: Ծնվել է Փոքր Հայքի Շապին Գարահիսար քաղաքում: Զբաղվել է ճարտարապետությամբ մոտ 30 տարի։ 1904թ. գարնանը Թորամանյանը սկսել է Զվարթնոց տաճարի հետազոտությունը, ղեկավարել է Խաչիկ վարդապետի նախաձեռնած պեղումները, կատարել չափագրման աշխատանքներ: 1905թ. ավարտել է տաճարի վերակազմության նախագիծը, որը հաստատվել է 1906թ. Անիում Նիկողայոս Մառի արշավախմբի պեղումների ժամանակ հայտնաբերված Սբ. Գրիգոր (Գագկաշեն) տաճարի մանրակերտի նույնանման հորինվածքով: 1913թ. Թորամանյանը Վիեննայի համալսարանին կից Արվեստի պատմության ինստիտուտի գիտական նստաշրջանում լավագույն աշխատանքի համար արժանացել է Գլխավոր մրցանակի: Նրա 1000-ից ավելի գծագրերի, ուսումնասիրությունների և այլ նյութերի հիման վրա Վիեննայի համալսարանի պրոֆեսոր Յոզեֆ Ստրժիգովսկին 1918թ. հրատարակել է ''Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան'' գերմաներեն երկհատորյակը, որի շնորհիվ հայկական ճարտարապետությունը, որպես ինքնուրույն ճարտարապետական դպրոց, արժանացել է համաշխարհային ճանաչման: Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918թթ) և նրան հաջորդած գաղթի տարիներին կորել են Թորամանյանի` հրատարակության պատրաստ 10-ից ավելի աշխատություններն ու մեծ քանակությամբ այլ նյութեր: Թորամանյանը ստեղծագործական սերտ կապեր է ունեցել ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հետ, որի արվեստանոցում 1928թ. աշխատել է որպես խորհրդական, կատարել նաև հատակագծման ու նախագծման աշխատանքներ: |