Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Սերժ Սարգսյանի ոմն բարեկամ ինձ գրեց, որ ինտերնետից ջնջեմ պարոն պրեզիդենտին ուղղված երգը. ես նրան համապատասխան վայր ուղարկեցի». Feka 23

15:01, երկուշաբթի, 18 հունվարի, 2016 թ.
«Սերժ Սարգսյանի ոմն բարեկամ ինձ գրեց, որ ինտերնետից ջնջեմ պարոն պրեզիդենտին ուղղված երգը. ես նրան համապատասխան վայր ուղարկեցի». Feka 23

«Հայաստանում ահագին ժամանակ ընդունված է եղել համարել, որ ռեփը երգում են, բայց ռեփը կարդում են: Թվում է, թե հասարակ բան է, մարդիկ մտածում են՝ ինչ տարբերություն ռեփ երգե՞լ, թե՞ կարդալ, բայց դա տենց չի: Այդ երևույթը ցույց է տալիս ռեփի մասին չինֆորմացված լինելու փաստը՝ չնայած կամաց-կամաց վերանում է «ռեփ երգել» արտահայտությունը»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռեփեր Feka 23-ը: Նա հրաժարվեց մեկնաբանել կեղծանունը, բայց խոստացավ երգերի միջոցով պատմել այդ մասին: Ռեփով սկսել է զբաղվել 2011-ից. «Ծանոթացա մի տղայի հետ, ով ռեփով էր զբաղվում, բայց ռուսերենով ու սիրողական մակարդակով: Ռեփի հանդեպ հետաքրքրությունս այդտեղից սկսվեց»,- մեզ հետ զրույցում պատմեց ռեփերը: «Ռեփից ես հաճույք եմ ստանում, ռեփի միջոցով արտահայտում եմ ամեն ինչ, ինչ ինձ դուր է գալիս կամ դուր չի գալիս: Իմ ռեփն ազատություն է խորհրդանշում. իʹմ ազատությունը, իʹմ խոսքի ազատությունը»,- նշեց նա:


     Feka 23-ը ռեփի միջոցով բարձրաձայնում է այն թեմաների մասին, որոնց մասին սովորաբար լռում եմ: Հարցին, թե Ձեզ երբևէ չե՞ն փորձել լռեցնել, ռեփերը պատասխանեց. «Ինձ չեն փորձել լռեցնել, իսկ եթե անգամ փորձեն էլ, ոչինչ չի ստացվի: Մի անգամ նամակ ստացա «Ֆեյսբուք»-ով, ոմն անձնավորություն ներկայացավ որպես Սերժ Սարգսյանի բարեկամ ու գրեց, որ ես ինտերնետից ջնջեմ պարոն պրեզիդենտին ուղղված երգը: Ես նրան ուղարկեցի համապատասխան վայր»,- պատմեց նա ու հավելեց, որ պատրաստ է խոսել ամեն ինչի մասին, անգամ իր կյանքի գնով: «Ես երբեք չեմ խոսում ենթատեքստերով ու նամյոկներով, եթե ինչ-որ մեկին բան ունեմ ասելու, կասեմ` նշելով կոնկրետ անուններ: Եթե դու խոսում ես նամյոկով ու առանց անուն տալու, ուրեմն քո ասածը 0 է, ու ասելիքը բարձրանում է օդ: Տենց սովորաբար անում են վախկոտները, որ հետո կարողանան «կրուտիտ ըլնեն», որ չկորցնեն իրանց քիթը»,- համոզված է ռեփերն, ով նաև իր երգերի հեղինակն է: «Եթե ռեփերը չլինի իր երգերի հեղինակը, դա նույնն է, որ առօրյայում դու լռես ու քո փոխարեն ուրիշը խոսի: Այսինքն` սեփական ուղեղի ու տաղանդի բացակայություն է, եթե ուրիշը քո տեղը տեքստ գրի: Նման մարդիկ ոչ իրանք իրանց են հարգում, ոչ էլ արվեստը: Ռեփն արվեստ է»,- նշեց ռեփերն, ում խոսքով` ցանկացած մարդ կարող է ռեփ կարդալ, բայց մատուցել ու ներկայացնել արվեստի տեսքով` հաշված մարդիկ:

     Մեր զրուցակիցն այս պահին գտնվում է Ֆրանսիայում, նա այնտեղ է բուժման նպատակով: Նա մեկ տարեկան հասակում հիվանդացել է, ինչի հետևանքով այժմ քայլում է հենակներով:
     «2012-ին Հայաստանից գնացել եմ Ֆրանսիա բժիշկների հսկողության տակ լինելու համար: Ես չեմ ապրում Ֆրանսիայում, ես ապրում եմ Հայաստանում` Էջմիածին քաղաքում: Մոտ 4 տարի է գնում-գալիս եմ, իսկ ինչ վերաբերում է վերադառնալուն, ես միշտ էլ Հայաստանում եմ, ես չեմ գնացել»,- ամփոփեց ռեփերն, ով Հայաստանում կլինի սեպտեմբերին:

43161 | 51
Facebook