Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հսկա պետությունը խեղճացել, մի բուռ «չամիչ» է դառել, դուք ընկել եք մանր-մունր բաների հետևից». Ջիվան Գասպարյան

14:01, հինգշաբթի, 10 դեկտեմբերի, 2015 թ.
«Հսկա պետությունը խեղճացել, մի բուռ «չամիչ» է դառել, դուք ընկել եք մանր-մունր բաների հետևից». Ջիվան Գասպարյան

Երևանի Աբովյան փողոցում օրերս բացվել է երեք վարպետների՝ (որոնք ներկայացնում են տարբեր սերունդներ) դուդուկահարներ Վաչե Հովսեփյանին, Ջիվան Գասպարյանին և Լևոն Մադոյանին նվիրված «Ուշացած լուսանկար» անվանումը կրող արձանախումբը:

Արձանախմբի բացման արարողության ժամանակ, MAMUL.am-ի թղթակիցը փորձել է Ջիվան Գասպարյանի հետ զրուցել ոչ միայն արձանախմբի վերաբերյալ իր զգացողությունների, այլև` երկրում վերջին զարգացումների շուրջ:

- Վարպե´տ, այսօր Ձեր կյանքի կարևորագույն օրերից մեկն է: Նախ` շնորհավորում ենք Ձեզ և խնդրում կիսվել զգացողություններով:

- Շնորհակալ եմ շատ: Տպավորությունները շատ բարձր են: Ուրախ օր է: Ուրախ եմ, որ արձանը դրվեց այնտեղ, որտեղ ես մեծացել եմ: Անբացատրելի են այս պահի իմ զգացողությունները... Յոթ տարի առաջ է եղել այդ որոշումը: Մոսկվայում պատրաստեցին` լավը չէր, Ամերիկայում պատրաստեցին` դարձյալ սրտովս չէր, այստեղ, Հայաստանում, պատրաստեցին և ինձ դուր եկավ:

- Ի՞նչ ծրագրեր ունեք: Պատրաստվո՞ւմ եք մեկնել շրջագայությունների:

- Շրջագայությունների բավականին շատ եմ գնացել, հիմա էլ չեմ ուզում գնալ: Արդեն հերիք է, ինչքան նվագեցի` բավական է:

- Հոգնեցի՞ք:

- (Ժպտում է-խմբ.) Ամեն ինչն էլ մի օր վերջ պետք է ունենա, չէ՞: Լավ է էլի, էլ ի՞նչ պիտի անեմ, փառք Աստծո... Ինչ կարող էի, ինչ հնարավոր էր, արել եմ:

- Վարպե´տ, կխնդրեի մի փոքր էլ երկրի ներքին իրավիճակից զրուցեինք: Անշուշտ, Ձեզ էլ է մտահոգում այս լարված մթնոլորտը, որում բոլորս ապրում ենք...

- Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում... Այդ օրենքներն այնքա῀ն բարդ օրենքներ են: Այդ «այո»-ն ու «ոչ»-ը ոչ ոք չի կարող ճիշտն ասել: Ինչ-որ հոսանքի տակ` մեկը պիտի «այո» ասի, մյուսը` «ոչ»: Այնքա῀ն օրենքներ կան, այսօր ո՞վ գիտի` դրանք ինչ օրենքներ են: Դուք գիտե՞ք:

- Իսկ Ձեր կարծիքով, այսօր, ըստ պատշաճի՞ են գործում այդ օրենքները:

- Ես չգիտեմ` գործում են, թե ոչ, որովհետև իմ մասնագիտությունից ելնելով` չեմ խառնվում պետական գործերին, առևտրին... Ես ի՞նչ գիտեմ, ես երաժիշտ մարդ եմ, դրանով եմ զբաղվում: Հիմա արդեն մեծացել եմ, նստել եմ տանը, կինո եմ նայում:

- Որպես կյանքի մեծ փորձ ունեցող անհատ, ի՞նչ կանխատեսումներ ունեք երկրի ճակատագրի հետ կապված, այլևս ի՞նչ կարելի է սպասել:

- Ամբողջ աշխարհն է խառնվել իրար, ա´յ աղջիկ ջան, թողել եք գայլերին, գազաններին, ընկել եք` մանր-մունր բաների հետևից:

- Համաձայն եմ, բայց որպես այս երկրի քաղաքացի, մեզ ավելի շատ մեր երկրի ճակատագիրն է հուզում...

- Հասկանում եմ, սա մեր երկիրն է, մեր քաղաքը, բակը, բայց նայե´ք, տեսե´ք` աշխարհում ի῀նչ է կատարվում: Տեսեք` հսկա պետությունը խեղճացել, մի բուռ չամիչ է դառել:

- Դա երևի մեր երկրի ղեկավարությանը պետք է ուղղել, նրանք պետք է մտածեն...

- Ղեկավարները երևի կմտածեն, ես ի՞նչ ասեմ: Ես չեմ ուզում որևիցե մեկի մասին խոսել` ոչ գովել, ոչ էլ` վատաբանել: Ես ուզում եմ, որ երկիրը խաղաղ լինի, որ չլինեն այդ ավազակությունները, որ այդ խուժանությունները դրսից չգան մեր ժողովրդի հացը հարամեն, որովհետև մենք էս վիճակով էլ ո՞ւր ենք գնում, եթե սրանից վատ եղավ` ի՞նչ ենք անելու: Պետք է այնպես անենք, որ սրանից վատ չլինի: Սա´ է մեր բոլորի նպատակը:

7444 | 2
Facebook