Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ներգաղթյալների թիվը Եվրոպայում գերազանցել է բոլոր ռեկորդները

13:30, չորեքշաբթի, 19 օգոստոսի, 2015 թ.
Ներգաղթյալների թիվը Եվրոպայում գերազանցել է բոլոր ռեկորդները

Եվրոմիության մատույցներին ապաստանած ներգաղթյալների թիվը միայն հուլիս ամսին հասել է 107.500-ի, հայտնում են ԵՄ ներկայացուցիչները: Սա բարձրագույն ցուցիչն է 2008-ից ի վեր, երբ սկսել են հաշվարկներ կատարել:

Միայն Գերմանիայում քաղաքական ապաստան ստանալու համար հերթագրված է 750 հազար մարդ, այն դեպքում, երբ գերմանական ղեկավարությունն ակնկալում էր, որ այդ թիվը չի գերազանցի 450 հազարը:

Վերջին ամիսներին եվրոպական երկրները դժվարությամբ են կարողանում հոգալ ներգաղթյալների կարիքներն, իսկ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հայտարարել են, որ կստորագրեն համաձայնագիր, որպեսզի լուծեն Կալեում հավաքված ներգաղթյալների հարցը:

Միայն անցյալ ամիս Համբուրգում 5700 մարդ է դիմում ներկայացրել փախստականի կարգավիճակ ստանալու համար:

Բացի ներգաղթյալների մեծ հոսքը, Գերմանիան կանգնել է նաև նրանց ու տեղաբնակների անհանդուրժողականության առջև: Գերմանական մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են սկսվել ներգաղթյալների հոսքի սահմանափակման պահանջով, որոշ վայրերում տեղացիների ու եկվորների միջև բախումներ են տեղի ունեցել:

Ներգաղթյալների մեծ մասը Եվրոպա է եկել և շարունակում է գալ պատերազմի ճիրաններում հայտնված Սիրիայից: Նրանք կտրում են Միջերկրական ծովը և ափ իջնում Իտալիայում կամ Հունաստանում, այնուհետև ցրվում Եվրոպայի տարբեր երկրներով:

ՄԱԿ տվյալներով՝ միայն վերջին շաբաթվա ընթացքում Հունաստանում ափ է իջել 21 հազար ներգաղթյալ, գրում է «ԲիԲիՍի»-ն:
     Հիշեցնենք, որ օրերս Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ շատ մոտ ապագայում փախստականների հարցերն ավելի շատ կզբաղեցնեն եվրոպական երկրներին, քան Հունաստանն ու եվրոյի անկումը:

26073 | 0
Facebook