Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վախճանվել է Նոբելյան մրցանակի արժանացած գերմանացի գրող Գյունթեր Գրասսը

19:10, երեքշաբթի, 14 ապրիլի, 2015 թ.
Վախճանվել է Նոբելյան մրցանակի արժանացած գերմանացի գրող Գյունթեր Գրասսը

Գերմանիայում կյանքի 87-րդ տարում վախճանվել է գերմանացի գրող, Նոբելյան մրցանակակիր Գյունթեր Գրասսը: Նա գերմանացիների այն սերնդի ներկայացուցիչն էր, որն իր ուսերին էր կրում հայրենակից-նացիստների հրահրած պատերազմի ողջ ծանրությունը: Համաշխարհային հռչակ վայելող արձակագիրն ու պոետը մահացել է ապրիլի 13-ին, Լյուբեկի հիվանդանոցում:

Գյունթեր Գրասսը ծնվել է 1927-ի հոկտեմբերի 16-ին, գերմանական Դանցիգ քաղաքում, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո անցել է Լեհաստանին և վերանվանվել Գդանսկ: Նրա գերմանացի հայրն ու քաշուբ (սակավամարդ արևմտասլավոնական ժողովուրդ) մայրն ունեցել են փոքրիկ կրպակ և հանգիստ կյանք են վայելել, միչև որ պայթել է Երկրորդ համաշխարհային պատերազմը: «ԷսԷս»-ի կազմում անդամագրված և ռազմաճակատ գնացած Գրասսը 17 տարեկանում գերի է ընկնել ամերիկացիներին ու ազատվել 1 տարի անց:

Նացիստների շարքում իր ծառայությունների մասին Գրասսը պատմել է շատ ավելի ուշ՝ «Հիշողության լամպ» գրքում, որը հրատարակվել է 2006-ին: Իսկ նրա առաջին ստեղծագործությունը՝ «Թիթեղյա թմբուկը», վեպը լույս է տեսել 1959-ին:

Հենց «Թիթեղյա թմբուկը»-ն էլ շատ գրականագետներ համարում են կախարդական ռեալիզմի մեկնակետը: Այս վեպին հաջորդել են Գրասսի «Կատուներ-մկներ» (1991) և «Շան տարիներ» (1963) վեպերը, իսկ 3-ը միասին կազմել են հայտնի Դանցիգյան եռագրությունը, որի համար էլ Գրասսը 1999-ին ստացել է Նոբելյան մրցանակ:

Նրա վերջին վեպը՝ հեքիաթագիրներ Գրիմ եղբայրների մասին, լույս է տեսել 2010-ին: Դրանից հետո նա գրել է քաղաքական բանաստեղծություն, որով կոչ էր անում զարգացած երկրներին՝ վերահսկել Իսրայելի ատոմային ծրագիրը: Այս կտրուկ քննադատությունից հետո «4 ծովերի երկիր»-ը համաշխարհային հռչակ վայելող գրողին ճանաչել է «պերսոնա նոն գրատա»՝ անցանկալի անձ:

Բացի գրականությունից, Գյունթեր Գրասսն զբաղվել է նաև փորագրությամբ ու քանդակագործությամբ:

17035 | 0
Facebook