Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

13-րդ երեխային ունեցած Մելքոնյանների ընտանիքում պատրաստ են էլի երեխաներ ունենալ

17:43, հինգշաբթի, 02 ապրիլի, 2015 թ.
13-րդ երեխային ունեցած Մելքոնյանների ընտանիքում պատրաստ են էլի երեխաներ ունենալ

Օրեր առաջ Մելքոնյանների ընտանիքում ծնվել է նրանց 13-րդ երեխան: Հիմա նրանք ունեն տասը աղջիկ և երեք տղա: MAMUL.am լրատվականի թղթակիցը զրուցեց ընտանիքի հոր` Մարտիկ Մելքոնյանի հետ: Վերջինս պատմեց, որ նորածին աղջկան արդեն տուն են բերել: Նշեց նաև, որ միշտ ցանկացել է, որ ընտանիքում շատ երեխաներ լինեն:

«1994 թվականին եղբայրս Արցախյան ազատամարտում զոհվեց, այդ ժամանակ մենք ամուսնացանք, առաջին պատճառներից մեկը դա էր: Բացի այդ, այն ընտանիքում, որտեղ, որ ես հիմա ապրում եմ, ինձ մեկ տարեկանից վերցրել և պահել են ծնողներս, իրենք երեխաներ չեն ունեցել: Միշտ ցանկացել ենք, որ ընտանիքում շատ երեխաներ լինեն: Մենք այդպես էլ որոշեցինք և համոզվեցինք, որ երեխաները Աստծո կողմից տրված պարգևներ են և պատրաստ ենք, ինչքան որ Աստված մեզ երեխա տա, ունենանք՝ չնայելով ոչ մի դժվարության»,- մեր թղթակցի հետ զրույցում ասաց ընտանիքի հայրը:

Նրա խոսքով, թեև խնդիրներ, դժվարություններ շատ կան, բայց նրանց համար մեծ ընտանիք ունենալն ուրախություն է և երեխաների աշխուժությունը վեր է ամեն ինչից: Բազմանդամ ընտանիքն ապրում է Արարատի մարզի Այգավան գյուղում: Նրանց երեխաներից 11-ը ծնվել են 46քմ-ում:

«2011 թվականին «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ը տրամադրել է 3.100.000 հազար դրամ, 20 տարի առանց տոկոսի ֆինանսական աջակցություն: 50 քմ էլ բնակարանի կողքից ավելացրեցինք, բայց կիսակառույց է, ներքին հարդարման աշխատանքները մնացին: 3 ննջասենյակ է, փոքր է: Հիմա կարծես մենք մեր տան մեջ վարձով ապրենք: 20 տարի ամիսը 13 հազար դրամ՝ որպես հետվճար, տալիս ենք այդ գումարն, արդեն 3 տարի է»,- ասաց Մամիկոնը:

Բազմազավակ հայրը 3-րդ կարգի հաշմանդամ է, ֆիզիկական շատ ծանր գործեր չի կարողանում կատարել:

«Հող ենք մշակում, թեթև գործեր եմ անում: Մեծ տղաս մինչև բանակ գնալն ահագին օգնում էր մեզ: Հիմնականում նպաստն է, մամայիս թոշակը: Կողքից էլ աջակցություններ լինում են, երբ բարեկամներ, ընկերներ, հարևաններ օգնում են: Մեկ-մեկ էլ մարզպետարան, գյուղապետարան, բայց մինչև չենք դիմում, չեն անում: Մենք էլ այդպես չենք, որ գնանք, անընդհատ ասենք: Գյուղում ենք ապրում, գյուղապետը գիտի, որ այդքան երեխա կա, պետք է ամպայման դիմենք՝ նոր անե՞ն»:

Ընտանիքի 6 երեխաները գրանցված են «Հույսի ավան» բարեգործական կազմակերպությունում, որտեղից սնունդ են ստանում: Մեծ տղան 20 տարեկան է: Հայրը նշեց, որ բազմանդամ ընտանիքի երեխա լինելը իր տղային բանակի հարցում առավելություններ չի տվել: Ինչպես մյուս երեխաներն, այդպես էլ իր տղան, ծառայում են հայոց բանակում:

«Եթե աստված կամենա, մենք պատրաստ ենք էլի երեխաներ ունենալ: Մենք մեր հայրենասիրությունը գործով ենք ցույց տալիս: Նպաստում ենք մեր ազգի գենոֆոնդը պահելուն: Իմ երեխաները դեռ այսքան ժամանակ սոված չեն քնել: Ցանկացած պարագայում Աստված է պահում և կերակրում իմ ընտանիքին: Մեր ընտանիքին այնպիսի տեղերից է գալիս օգնություն, որ չենք սպասում: Որտեղից սպասում ենք չի գալիս, որտեղից չենք սպասում գալիս է»,- եզրափակեց Մ. Մելքոնյանը:

9124 | 5
Facebook