Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պատասխան` 100 տարի անց». ամփոփվել են ցուցահանդես-մրցույթի արդյունքները

18:05, շաբաթ, 07 մարտի, 2015 թ.
«Պատասխան` 100 տարի անց». ամփոփվել են ցուցահանդես-մրցույթի արդյունքները
     Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն իրականացնում է «Պատասխան` 100 տարի անց» խորագրով համալիր ծրագիրը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ծրագիրն անդրադարձ է 1894-1923 թվականներին գրված, Հայոց ցեղասպանությունը փաստող անպատասխան նամակներին և այլ վկայություններին:
     Մինչև ս. թ. հունիսի 1-ը, նախագծի շրջանակում կիրականացվի երկու ենթածրագիր, ինչի արդյունքում կհրատարակվի «Պատասխան` 100 տարի անց» պատկերագիրքը: Առաջին ենթածրագիրը ներառում է 1894-1923 թվականներին գրված, Հայոց ցեղասպանությունը փաստող արխիվային 11 նամակների ընտրություն` հայ և օտարազգի անվանի գործիչներին ծանուցելու և նրանց պատասխան-արձագանքները հավաքագրելու նպատակով: Երկրորդ ենթածրագիրը ներառում է Հայոց ցեղասպանությունը փաստող արխիվային 11 վավերագրերի թեմաներով գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթ` Հայաստանի ազգային պատկերասրահում թեմատիկ ցուցադրություն կազմակերպելու նպատակով:
     Ս. թ. փետրվարի 24-ին և 25-ին, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում անցկացվել է Հայոց ցեղասպանությունը փաստող վավերագրերի թեմաներով` «Պատասխան` 100 տարի անց. անցյալը` ներկայում» խորագրով գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթի եզրափակիչ փուլը:
     Աշխատանքները գնահատվել են 1-5 միավորի սահմանում` մրցութային հանձնաժողովի կողմից հաստատված չափորոշիչների համաձայն:
     Մրցույթի այս փուլում ներկայացված լավագույն 20 աշխատանքները կներառվեն «Պատասխան` 100 տարի անց» պատկերագրքում, նույն հավաքածուից 15 աշխատանքներ կներկայացվեն Հայաստանի ազգային պատկերասրահի նույնանուն ցուցադրությունում:
     Առավելագույն միավորներ է ստացել «Վերջինը» անվանումով քանդակը, որն արժանացել է «Հատուկ» կարգավիճակի. հեղինակ` Նարեկ Կնյազյան (Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի 2-րդ կուրսի ուսանող):
3476 | 0
Facebook