Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Զորահանդեսը ցուցադրեց ադրբեջանական բանակի ուժը». Իլհամ Ալիև

14:31, հինգշաբթի, 18 հուլիսի, 2013 թ.
«Զորահանդեսը ցուցադրեց ադրբեջանական բանակի ուժը». Իլհամ Ալիև

Ինչպես հայտնում է «Արմենիա.az» լրատվականը՝ հղում կատարելով ԱՀ նախագահի պաշտոնական կայքին, երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախագահությամբ կայացել է Նախարարների խորհրդի 2013թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին և առաջիկա խնդիրներին նվիրված նիստը:
    

Խոսելով այս տարվա 6 ամիսների ընթացքում երկրի ձեռքբերումների մասին` Ալիևն անդրադաձել է հունիսի 26-ին Ադրբեջանում կայացած զորահանդեսին:

«Այդ զորահանդեսը ցուցադրեց ադրբեջանական բանակի ուժը: Զորահանդեսում ցուցադրված զենքը, զինամթերքը և տեխնիկան նորագույն զենք ու տեխնիկա է: Եʹվ ուղղաթիռները, ևʹ տանկերն ու զրահամեքենաները, հրետանային սարքերը, հակաօդային պաշտպանության սարքերը և այլ տեխնիկան կրկին ցուցադրեցին, որ ադրբեջանական բանակը գտնվում է համաշխարհային մասշտաբով ուժեղ բանակների թվում: Միևնույն ժամանակ այդ զորահանդեսը մեծ անհանգստություն է առաջացրել Հայաստանում: Գիտեմ, որ զորահանդեսից հետո այնտեղ ապրած հիստերիկան, խուճապը և վախի զգացումը, մինչ հիմա չի դադարել: Եվ դա բնական է, քանզի թշնամին իր աչքով տեսավ Ադրբեջանի ուժը և մեկ անգամ ևս իմացավ, որ մենք պատրաստ ենք ցանկացած տարբերակին: Ձեռք բերված տեխնիկայի օգնությամբ մենք ի վիճակի ենք ոչնչացնել թշնամու ցանկացած թիրախ: Ինչպես ես ասացի զորահանդեսի ժամանակ` մենք թշնամու հետ կարող ենք խոսել ցանկացած լեզվով: Բոլոր քաղաքական ու դիվանագիտական ջանքերի հետ մեկտեղ, մեր ռազմական ուժը առանցքային դեր կխաղա ղարաբաղյան հարցի լուծման համար: Մենք ավելացնելու ենք մեր ռազմական ուժը և այսուհետ ևս գնելու ենք նորագույն տեխնիկա: Ինչպես գիտեք, այդ տեխնիկայի ձեռք բերման համար ոչ մի խնդիր չկա: Մենք տեխնիկա ենք գնում տարբեր երկրներից և միևնույն ժամանակ այն արտադրում ենք Ադրբեջանում: Աճում է ռազմական ոլորտում մեզ հետ համագործակցել ցանկացող երկրների թիվը: Մամուլում թվեր են բերվում այն մասին, որ Ադրբեջանը երկրներից մեկում 1 միլիարդ դոլարի զենք է գնել, մյուսներում՝ 1,6 միլիարդ դոլարի: Կարող եմ ասել, որ այդ թվերը մի քանի անգամ ավելի մեծ են: Պարզապես մենք չենք հրապարակում դրանք»:

Նիստի ժամանակ Ալիևն իր սրտի խոսքն է հայտնել հայ ժողովրդին` նշելով,- «Կարծում եմ, որ հայ ժողովուրդը չպետք է վախենա մեր տեխնիկայից: Հայ ժողվուրդը պետք է վախենա իր ղեկավարությունից: Պետք է զգուշանա նրա գործունեությունից: Պետք է վախենա արյունարբու, անկուշտ, կաշառակերության մեջ թաղված հանցագործ իշխանությունից, որը նրան գցել է ներկայիս վիճակի մեջ: Այդ իշխանության գործունեության արդյունքում ամեն տարի շուրջ 100 հազար հայեր ընդմիշտ լքում են իրենց երկիրը: Եթե այդպես շարունակվի, ապա 5-6 տարի հետո այնտեղ 1 միլիոնից քիչ մարդ կմնա: Եվ դրա մեղքն ընկնում է անմիջականորեն Հայաստանի ղեկավարության վրա: Քանզի նրա զավթողական ու գիշատչական քաղաքականությունը, նրա արյունռուշտ ու անկուշտ էությունը Հայաստանին բերել է նման աղետի: Իսկ մենք վստահորեն առաջ ենք գնում: Մենք ուժեղ պետություն ենք: Մեր ուժը աստիճանաբար աճելու է, որպեսզի այդ ուժը դառնա ավելի ամուր, մենք պետք է էʹլ ավելի ակտիվորեն աշխատենք»:

Աղբյուրը` president.az
13962 | 44
Facebook