Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում «Սանասարյան հան» կոչվող հայկական շինությունը հանվել է աճուրդի

14:46, ուրբաթ, 05 հուլիսի, 2013 թ.
Թուրքիայում «Սանասարյան հան» կոչվող հայկական շինությունը հանվել է աճուրդի
     Թուրքիայում հայերից խլված ամենակարևոր շինություններից մեկը` «Սանասարյան հան» կոչվող կառույցը, թուրքական իշխանությունները հանել են աճուրդի: Ինչպես տեղեկացնում է «Ագոս» շաբաթաթերթը` չնայած նրան, որ Ստամբուլի հայկական պատրիարքարանը դատական հայց էր ներկայացրել «Սանասարյան հան»-ը վերադարձնելու առնչությամբ, այնուամենայնիվ, Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչության Ստամբուլի 1-ին վարչությունը շենքը հանել է վաճառքի:
    

Աճուրդը տեղի կունանա այս տարվա հուլիսի 18-ին: Ավելի վաղ կարծիք կար, որ հնարավոր է` շինությունը 50 տարվա իրավունքով հանձնվի հայկական պատրիարքարանին, սակայն աճուրդի մասին հայտարարությունից հետո հայ համայնքը կորցրեց իր հույսերը:
     Շենքի շինարարության վրա նախատեսվում է ծախսել 11մլն 660 հազ լիրա (մոտ 6 մլն դոլար): Աճուրդից հետո շենքը կտրվի 20 տարվա վարձակալության: Առաջին տարվա համար շենքի վարձակալության ամսական գումարը կկազմի 120 հազ. լիրա:
    
Ստամբուլի հայոց պատրիարքարանի անշարժ գույքի հանձնաժողովի անդամ Շահին Գեզերի փոխանցմամբ` «Սանասարյան հան»-ը, որը գտնվում է Ստամբուլի Սիրքեջի շրջանում և ունի 1505քառ. մ. տարածք, կառուցվել է 1895թ. Մկրտիչ Սանասարյանի կողմից, Հովսեփ Ազնավուր ճարտարապետի նախագծով և օգտագործելու իրավունքը վերապահված է եղել հայոց պատրիարքարանին:

Նշենք, որ 1915թ. շենքը հայերի ձեռքից խլվել է Օսմանյան կայսրության կողմից, 1920թ. այն հանձնվել է հայոց պատրիարքարանին, իսկ 1928թ. եղել է Ստամբուլի հիմնադրամի ձեռքի տակ, որն էլ վերահսկել է կառույցի ստացված եկամուտները: 1932թ. Ստամբուլի Նարոյան պատրիարքը հայց է ներկայացրել դատարան և շահել: Սակայն 1935թ., կրկին դատավարություն սկսելով, շինությունը վերջնականապես խլել են հայերի ձեռքից:

Աղբյուրը` agos.com.tr
9522 | 0
Facebook