Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մահացել է հայ բժշկության նահապետ Սուրեն Ավդալբեկյանը

16:25, կիրակի, 10 մարտի, 2013 թ.
Մահացել է հայ բժշկության նահապետ Սուրեն Ավդալբեկյանը
     Այսօր առավոտյան 92 տարեկան հասակում կյանքից հեռացել է բժիշկ- վիրաբույժ, ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանը: Տեղեկությունը ՄԱՄՈՒԼ.am-ի հետ զրույցում հաստատեց Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:
     Ս.Խ.Ավդալբեկյանը ծնվել է 1920 թվականի հուլիսի 1-ին՝ Սուխումի քաղաքում։ 1943թ. գերազանց ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։
     Նա ինստիտուտն ավարտել է որպես տեսականորեն և գործնականորեն պատրաստված վիրաբույժ։ Ուստի պատահական չէր նրա նշանակումը որպես առաջատար վիրաբույժ՝ Մոսկովյան ռազմական տարածաշրջանի էվակոհոսպիտալում (1943-1945 թթ.)։ Զորացրումից հետո 1946թ., Ս.Խ.Ավդալբեկյանը աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի ֆակուլտետային վիրաբուժության կլինիկայում որպես օրդինատոր, ամբիոնի ասիստենտ։
     1946-1951թթ. Ս.Խ.Ավդալբեկյանը Կապանի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկն էր և վիրաբուժական բաժանմունքի վարիչը։ Կարճ ժամանակամիջոցում նրան հաջողվել է շրջանի վիրաբուժական ծառայությունը հասցնել բարձր մակարդակի։ Իր ստեղծագործ աշխատանքով նա շուտով վաստակել է Կապանի լեռնահանքագործների և մոտակա շրջանների ամբողջ բնակչության հարգանքը և սերը։ Նրա անունը մտցված է շրջանի "Պատվո գրքում"։ 1951-1952թթ. նա մասնագիտացում է անցել Մոսկվայի առաջատար կլինիկաներում և սկսել ծրագրված զբաղվել կրծքային մեծ վիրաբուժությամբ։
     Առաջինը հանրապետությունում Ս.Խ.Ավդալբեկյանն է կատարել թոքերի մասնահատումներ, վիրահատություններ՝ միջնորմի, կերակրափողի վրա, էլեկտրասրտախթանիչի ներդրումը սրտի մեջ, առաջին անգամ Սովետական Միությունում կիրառվել է թոքերի խոռոչների տրանսպարիետալ կաթետերավորումը, դեղանյութերի ռեգիոնար ներաորտալ ներարկումը, ենթաստամոքսային գեղձի բջիջների փոխպատվաստումը։
     1958թ. Ս.Խ.Ավդալբեկյանը Երևանի բժշկական ինստիտուտի բժիշկների կատարելագործման ֆակուլտետի դոցենտ էր, այդ ֆակուլտետի դեկան, Հայաստանի առողջապահության մինիստրության գիտական բժշկական խորհրդի գիտական քարտուղար։
     1962թ. Ս.Խ. Ավդալբեկյանը ստեղծել է Երևանի բժշկական ինստիտուտի կրծքային վիրաբուժության և անեսթեզիոլոգիայի ամբիոնը և թորակալ վիրաբուժության կլինիկան։
     1968թ., ընդհանրացնելով բազմամյա գիտագործնական գործունեության փորձը, Ավդալբեկյանը հաջողությամբ պաշտպանել է դոկտորական թեզը և ստացել պրոֆեսորի կոչում։
     Գիտաբժշկական գործունեության, հայրենական բժշկության և առողջապահության մեջ հատուկ վաստակի համար, 1977թ. Ս.Խ.Ավդալբեկյանն ընտրվել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1990թ., աոաջինը Հայաստանի վիրաբույժներից` ակադեմիկոս:
     Նրա դպրոցից պաշտպանված են 12 դոկտորական և 40 թեկնածուական թեզեր։ Ս.Խ.Ավդալբեկյանը մոտ 200 գիտական աշխատանքների և մենագրությունների հեղինակ է։
     Նրա անունով է Առողջապահության ազգային ինստիտուտը:
4822 | 3
Facebook