Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Մի քանի խոսք այն մասին, թե տնտեսապես ինչ տարբերակ է շահեկան Հայաստանի համար:
Եթե շատ չծավալվենք նախապատմության իմաստով, ապա այսօր իհարկե ԵՏՄ անդամությունը կասկածի տակ դնելու պարագայում, Հայաստանը կասկածի տակ կդնի իր տնտեսական կենսունակությունը:
Եվրոպան ինքն այսօր տնտեսական լրջագույն խնդիրների առաջ է, որոնց հիմնական պատճառներից մեկը էներգակիրների բարձր գներն են: Բայց, եթե եվրոպական տնտեսությունը այդուհանդերձ բազային առումով շատ ավելի ուժեղ լինելով, կարողացել է չմեռնել՝ այդ բարձր գների պայմաններում, թեև կրել է լրջագույն կորուստներ, ապա Հայաստանի տնտեսության համար էներգակիրների բարձր գինը կլինի մահացու:
Իսկ տնտեսության համար որևէ մահացու պատկեր, ուղիղ հարված է պետության ինքնիշխանության ներուժին:
Այդ իսկ պատճառով է նաև, որ ներկայումս Հայաստանի համար կարևոր և կենսական հրամայական դիտարկում եմ ոչ թե որևէ արտաքին տնտեսա-քաղաքական շրջադարձ, այլ բեկում երկրի ներքին կյանքում՝ տնտեսական, հասարակական-քաղաքական և իհարկե առաջին հերթին կառավարման արդյունավետությունը էապես բարձրացնելու ուղղությամբ:
Այո, այդ գործում մենք պետք է օգտագործենք թե այն արդյունքը, որ կարող ենք ստանալ ԵԱՏՄ անդամակցությունից, և թե այն արդյունքը, որ կարող ենք ստանալ այլ ուղղություններով տնտեսական երկկողմ ու բազմակողմ գործակցությունից: Եվ այստեղ Եվրոմիությունն ուղղություններից մեկն է միայն:
Ավելին, այսօր արևմտյան աշխարհն ինքն է ինտենսիվ աշխատում արաբական միապետությունների ներդրումային հիմնադրամների ռեսուրսներ ներգրավելու ուղղությամբ: Հայաստանն այստեղ պետք է լինի շատ ավելի ակտիվ: Ընդ որում, ինչպես առիթ եմ ունեցել ասելու, այդ ուղղությունը արժեքավոր է նաև նրանով, որ հենց այդ երկրները իրենք փորձում են չհայտնվել աշխարհաքաղաքական ճամբարներից որևէ մեկում և հավասար գործընկերային հարաբերություն ունենալ թե արևմտյան, թե ռուսական ուղղություններով, թե եվրասիական, թե եվրաատլանտյան ուղղություններով»։