Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 16 հունվարի, 2025 թ.

Համացանց

Բագրատ Սրբազանը հանդես է եկել հայտարարությամբ

22:12, հինգշաբթի, 09 հունվարի, 2025 թ.
Բագրատ Սրբազանը հանդես է եկել հայտարարությամբ

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հանդես է եկել հայտարարությամբ․ «ՄԵԶ ԲԱՆՏԱԿԻՑ ԶԳԱԼՈՎ…
     «…Աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիների ազատում քարոզելու և կույրերին՝ տեսողություն, կեղեքվածներին ազատ արձակելու, Տիրոջը ընդունելի տարին հռչակելու…» (Ղուկ. Դ:18-19):
     Մեր Տեր Հիսուս Քրիստոս, մարգարեին հղում կատարելով, խորքային նկարագրում և բնորոշում է անկում ապրած հասարակության էությունը՝ աղքատացած և արժեքներից զրկված, սրտով բեկված, կուրացված, գերեվարված, կեղեքված, որն ընդունակ չէ որևէ իրագործումի և դեգերում է քաոսի և անորոշության բավիղներում: Սակայն, մյուս կողմից, մեր Տերն Ինքն իսկ առաջարկում է դեղամիջոցը և քայլ առ քայլ՝ աստիճանական կամ ամբողջական լուծման ճանապարհը.
     ա) ավետարանել,
     բ) բժշկել,
     գ) ազատություն քարոզել,
     դ) տեսողություն կամ արթնություն, այսպիսով՝
     ե) ազատագրել կամ ազատագրվել
     և վերջապես հասնել Տիրոջը ընդունելի տարին հռչակելուն, այսինքն՝ հաղթանակի և կատարյալ ազատության:
     Մեր այս շատախոսիկ և շատ հաճախ դատարկախոսիկ իրականության մեջ, երբ հասարակությունը ենթարկվում է գրեթե ամենօրյա տեղեկատվական ահաբեկության թե՛ կեղծ լուրերի և թե՛, առավել սարսափելին, կեղծ օգտահաշիվների կողմից, որը միտված է մարդուն զրկելու հասարակական պատասխանատվություն ստանձնելու քաջությունից, գրեթե մոռացության է մատնված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և ընդհանրապես հայ գերիների՝ Բաքվի բանտերում տառապանքի մատնված լինելու հանգամանքը:
     Մեր պատիվը
     Բաքվում ընթանում են մեր գերեվարված հայրենակիցների «դատավարությունները», առաջիկայում մեկնարկելու են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մեր մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարությունները»։
     Ի՞նչ է սա նշանակում մեզ համար։ Ի՞նչ է նշանակում Հայաստան պետության համար, Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցների, ընդհանրապես հայ հանրության և մեզանից յուրաքանչյուրի համար։
     Մենք կցկտուր տեղեկություններ ունենք, թե ինչ պայմաններում են պահվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները և մեր մյուս հայրենակիցները Բաքվի բանտերում։ Հայաստան պետությունը՝ ի դեմս այսօրվա «իշխանությունների», ոչ միայն տեր չկանգնեց իր զավակներին, այլև, ըստ ամենայնի, խրախուսում է նրանց պատանդառության հանգամանքը։ Սակայն հայ ժողովուրդը, հայ հասարակությունը և հայկական սփյուռքը նույնական չեն այսօրվա իշխանությունների հետ, և մեր պատասխանը, մեր վերաբերմունքը պետք է միանգամայն տարբեր լինեն այն վախվորած, դավաճանական և թշնամական շահերից բխող գործելակերպից, որը որդեգրել են այսօրվա «իշխանությունները»։
     Մենք տեղյակ չենք նաև, թե ինչ ցուցմունքներ է Բաքուն փորձել կորզել նրանցից և ինչի է ցանկանում հասնել: Բայց պարզից էլ պարզ է, որ գերեվարվածների հետ Բաքուն վարվում է այնպես, ինչպես ցանկանում է՝ ականջալուր չլինելով որևէ միջազգային արձագանքի: Այսուհանդերձ, պետք է շատ լավ հասկանանք, որ Բաքվում բռնությամբ կորզված որևէ, այսպես կոչված, «ցուցմունք» չի կարող հիմք հանդիսանալ մեր կարծիքի փոփոխության և մեր գործողությունների վերանայման համար։ Մենք պիտի շատ լավ պատկերացնենք, թե ինչպիսի՛ պայմաններում են կորզվել բոլոր հնարավոր «ցուցմունքները», և թե ինչ ճնշման տակ են գտնվել բոլոր պատանդները։ Սա նշանակում է, որ Բաքուն շարժվում է միայն սեփական հստակ օրակարգով, որը կարող է բովանդակել ամեն ինչ՝ բնականաբար դեմ լինելով Հայաստանի և Արցախի շահերին։ Այսինքն՝ այս դատավարությունները մեծ վնասներ և սպառնալիքներ են պարունակում, որոնց դիմագրավելուն մենք պետք է պատրաստ լինենք։
     Մեր անելիքը
     Ըմբռնելով հանդերձ մեր հասարակական կյանքի հոգևոր և քաղաքական կաթվածահարության աստիճանը, տեղեկատվական գրոհներն ու ահաբեկչությունը.
     Ա. Կոչ եմ անում Հայաստանյան և սփյուռքյան լայն հանրությանը, տարբեր հանրային-քաղաքական կառույցներին և ակտիվ անհատներին, ձեր անվերապահ աջակցությունը հայտնել մեր պատանդառված հայրենակիցներին։
     Բ. Աջակցության բովանդակությունը պետք է լինի շատ հստակ. Հայ ժողովուրդը միասնական է Բաքվի պատանդառած իր հայրենակիցներին զորակցության հարցում՝ վստահեցնելով, որ մենք նրանց կողքին ենք, և որ Բաքվի որևէ ճնշում չի կարող սասանել ո՛չ մեր աջակցությունը, և ո՛չ էլ Հայաստանի և հայ ժողովրդի կամքը՝ սեփական պետությանը և սեփական քաղաքացիներին տեր կանգնելու համար՝ ի տես աշխարհի, ի տես մեր ներքին և արտաքին բոլոր թշնամիների՝ հավաստելով, որ մենք տեր ենք մեր հայրենակիցներին, և որևէ թշնամական դատավարություն չի կարող մեզ ջլատել և մեր կարծիքը փոխել նրանց մասին։
     Դ. Կոչ եմ անում բոլոր կարող կազմակերպություններին և անհատներին՝ Հայաստանում և սփյուռքում ի մի բերելու իրենց տեղեկատվական և կազմակերպչական բոլոր միջոցները՝ այս հարցում միասնություն և արդյունավետ ընթացք ապահովելու համար:
     Զ. Այս խնդրի շուրջ տարակարծություններ չպետք է լինեն՝ պայմանավորված քաղաքական կամ որևէ այլ դիրքորոշումով:
     Ձեզ զգացեք նրանց փոխարեն… Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ..
     «Հիշե՛ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ» (Եբր. ԺԳ 3)»:

Աղբյուրը` Բագրատ Սրբազան
2619 | 1
Facebook