Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 16 հունվարի, 2025 թ.

Համացանց

«Ի՞նչ եղավ ազատ տնտեսական գոտու ճակատագիրը»․ Հակոբ Բադալյան

15:12, հինգշաբթի, 09 հունվարի, 2025 թ.
«Ի՞նչ եղավ ազատ տնտեսական գոտու ճակատագիրը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տարեվերջին հայտարարվեց հայ-իրանական սահմանի անձնագրային անցակետում հայ սահմանապահների ծառայության մեկնարկի մասին, դեռեւս հոկտեմբերի 7-ին Պուտին-Փաշինյան հանդիպման շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, եւ ըստ իս, նաեւ խոշոր իմաստով ռուս-իրանական հարաբերության համատեքստում:
     Հայ-իրանական սահմանի առնչությամբ սակայն կա մեկ այլ հարց, որը սակայն կարծես թե մատնվել է մոռացության:
     Արդեն մոտ տասնամյակ առաջ Հայաստանի կառավարությունը հայտարարեց հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գոտի ստեղծելու մտադրության մասին: 2018-ից հետո այդ առնչությամբ եղան ինչ որ բացահայտումներ, կապված հողերի օտարման գործընթացում ապօրինությունների հետ:
     Լավ է, որ եղան այդ բացահայտումները, որովհետեւ, եթե եղել են ապօրինություններ, պետք է լինի դրա համար պատասխան տվող, կամ պատասխան տվողներ:
     Սակայն, ի՞նչ եղավ ազատ տնտեսական գոտու ճակատագիրը: Հայաստանը հրաժարվե՞լ է դրանից: Հրաժարվե՞լ է այդ ծրագրից ու մտադրությունից: Եթե բանը իրավական գործընթացներն են, ապա դրանց կարեւորությամբ հանդերձ, այդուամենայնիվ պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի դրանք չխանգարեն ըստ իս առավել կարեւոր գործին՝ ազատ տնտեսական գոտու ձեւավորմանը:
     Երբ մենք խոսում ենք Սյունիքի անվտանգության մասին, մենք պետք է արձանագրենք նաեւ, որ այդ անվտանգության կարեւորագույն բաղադրիչներից մեկը պետք է լինի տնտեսությունը եւ տնտեսական շահերի համադրումը: Տվյալ պարագայում Իրանի հետ, իսկ Իրանի միջոցով նաեւ այլ տնտեսական ուղղությունների, որոնք կներառեն Հայաստանի համար շահընկեր այլ երկրներ, օրինակ Հնդկաստան, Ծոցի երկրներ:
     Սա իհարկե բարդ քաղաքական ու դիվանագիտական աշխատանք ենթադրող գործընթաց է, բայց անվտանգությունը, առավել եւս ժամանակակից համաշխարհային քաոսի պայմաններում, պահանջում է հենց այդ բարդ աշխատանքը կատարելու կարողություն:
     Դեռեւս 2021 թվականին արտահայտվել եմ, որ ըստ իս, պետք է մշակել նաեւ հանրային, տնտեսական նշանակության մի գաղափար, որը թույլ կտա Հայաստանի ռազմավարական նշանակության քաղաքներից մեկի՝ Մեղրու շուրջ համահայկական ներուժի հասցեական ներգրավում, այդ միջոցով ձեւավորելով անվտանգության համակարգի լրացուցիչ մի շերտ»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
1196 | 0
Facebook