Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են Թուրքիայի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցությունը կզարգանա բոլոր ոլորտներում՝ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լիարժեք աջակցություն է ցուցաբերում Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար և միշտ կլինի Ադրբեջանի կողքին։
Ալիևն իր հերթին ասել է, որ ադրբեջանա-թուրքական եղբայրության, բարեկամության և ռազմավարական դաշինքի հարաբերությունները զարգանում են «Մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքով՝ ընդգծելով, որ երկու երկրները միշտ իրար կողքի կանգնած են։
Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել 2025 թվականին երկու եղբայրական երկրների համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։ Պետությունների ղեկավարները բարձրացրել են նաև շփումները շարունակելու հարցը։