Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ միասնական տոմսային համակարգին և QR կոդերի վավերականության ժամկետների կրճատմանը։
«Այն վիճակագրությունը, որը մենք ունենք, փաստում է, որ մեկանգամյա տոմսերը հիմնականում սպառվում են ձեռքեբերումից հետո 3 օրվա ընթացքում, և ամենևին չի ենթադրվում, որ դրանք կարող են երկարաժամկետ լինել, երբ խոսքը մեկ ուղևորության մասին է։
Ի դեպ՝ ասեմ, որ այնպես չէ, որ միայն Հայաստանում է այդպես։ Եթե խոսենք երկարաժամկետ տոմսերի մասին, ապա այսօր արդեն կարելի է ձեռք բերել տրանսպորտային փաթեթները»,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ դա ավագանու որոշմամբ է սահմանվել, և իր համար տարակուսելի էր, երբ դրա մասին խոսում էին ավագանու որոշ ընդդիմադիր անդամներ՝ իբրև թե դրա մասին չգիտեին։
Հիշեցնենք, որ ուղևորատոմսերի վավերականության ժամկետը գնման պահից 7 օր էր, բայց հունվարից ժամկետը կրճատվել է՝ դառնալով 4 օր։