Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 22 հունվարի, 2025 թ.

Համացանց

«Շնչառական վարակների առումով Չինաստանում համաճարակային լարված իրավիճակ է». Արմեն Մուրադյան

11:48, երեքշաբթի, 07 հունվարի, 2025 թ.
«Շնչառական վարակների առումով Չինաստանում համաճարակային լարված իրավիճակ է». Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ըստ Չինաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հաղորդման՝ Չինաստանում ներկայումս արձանագրվում է մարդու մետապնևմովիրուսային (HMPV) վարակի դեպքերի կտրուկ աճ: Բացի այդ, լարված համաճարակային իրավիճակ է նաև մյուս շնչառական վարակների առումով, մասնավորապես՝ A գրիպի, Mycoplasma pneumoniae և Covid-19 վարակների: Ահազանգող է, որ HMPV վարակի տարածումը հանգեցրել է հանկարծակի մահվան դեպքերի զգալի աճի, հատկապես՝ 40-ից 80 տարեկան անձանց շրջանում: Ավելացել է նաև մինչև 14 տարեկան երեխաների թոքաբորբով հոսպիտալացված դեպքերի թիվը:
     Մարդու մետապնևմովիրուսը (HMPV) հայտնաբերվել է 2001 թվականին, այն պատկանում է Pneumoviridae ընտանիքին, որը ներառում է նաև ռեսպիրատոր սինցիցիալ վիրուսը (RSV): HMPV-ն կարող է առաջացնել ինչպես վերին, այնպես էլ ստորին շնչուղիների վարակ բոլոր տարիքային խմբերում, սակայն առավել խոցելի են երեխաները, տարեցները և թուլացած իմունային համակարգ ունեցողները:
     Հարկ է նշել, որ վիրուսն ունի մարդուց մարդուն արագ տարածվելու հատկություն, այն փոխանցվում է շնչառական արտազատուկներով օդակաթիլային մեխանիզմով՝ անմիջական շփման միջոցով, օրինակ՝ ձեռքսեղմում, կամ բաղարկված առարկաներին դիպչելու միջոցով: Վարակի ինկուբացիոն շրջանը 3-5 օր է: Ընդհանուր ախտանշանները ներառում են հազ, ջերմություն, քթից արտադրություն, շնչառության դժվարացում:
     Կանխարգելման համար առաջարկվում է՝
     • Պահպանումը շնչառական հիգիենան՝ հիվանդի և շրջակա անձանց կողմից դիմակների կրումը, հազի, փռշտոցի էթիկետի պահպանումը
     • Պահմանել ձեռքերի հիգիենան՝ հաճախակի լվանալ ձեռքերը՝ 20 վայրկյան տևողությամբ: Չլվացված ձեռքերով չդիպչել դեմքին
     • Ախտանշանների առկայության դեպքում մնալ տանը՝ վիրուսի տարածումը կանխելու համար
     • Պարբերաբար մաքրել հաճախակի շոշափվող մակերեսները
     • Հաճախակի օդափոխել փակ տարածքները:
     HMPV վարակի դեմ դեռևս պատվաստանյութ հասանելի չէ:
     Նշենք, որ 2023 թվականին HMPV վարակի դեպքեր են արձանագրվել Նիդեռլանդներում, Մեծ Բրիտանիայում, Ֆինլանդիայում, Ավստրալիայում, Կանադայում, ԱՄՆ-ում և Չինաստանում»:

2783 | 0
Facebook