«Հայաստանը եղել է մարդկային պատմության բնօրրաներից մեկը». Ժակ դը Մորգանի անսահման սերը Հայաստանի նկատմամբ
20:48, կիրակի, 22 դեկտեմբերի, 2024 թ.
![]() Ֆրանսիացի հայտնի երկրաբան, հնագետ, ազգագրագետ Ժակ դը Մորգանն առաջին անգամ Հայաստան է եկել 1886 թ․, երբ ֆրանսիացի ներդրողները նրան գործուղել են` որպես ինժեներ աշխատելու Ախթալայի հանքերում։ Սակայն Հայաստանը նրա համար դառնում է նոր հնագիտական գետազոտությունների երկիր։ Մինչ այդ նա պեղել էր Աքեմենյան Պարսկաստանի Շոշ քաղաքը և հետազոտություններ էր գրել Ուրարտուի մասին։ ![]() Ֆրանսիացի հնագետ Ժակ դը Մորգան Հայաստանյան գործուղումից Վերադառնալով Ֆրանսիա՝ Մորգանը կարողանում է համոզել Հանրային կրթության նախարարությանը հնագիտական ուսումնասիրությունների նպատակով իրեն կրկին գործուղել Հայաստան։ Ընդհանուր առմամբ տարածաշրջանում վերջինս պեղում է 1003 դամբան՝ Ռեդկինի Լագերում (75 դամբան), Այրումում (136 դամբան), Ախթալայում (210 դամբան), Թումանյանի շրջանում (28 դամբան) և այլն։ Պեղված դամբանները ժամանակագրորեն ընդգրկում են Ք․ա․ 15-րդ դարից մինչև անտիկ ժամանակաշրջան (Ք․ա․ 2-1-ին դարեր)։ 1889 թ․ Փարիզում իր կատարած բոլոր հնագիտական հետազոտությունները Մորգանն ամփոփում է «Գիտական առաքելություններ Կովկասում» գրքում, որը բաղկացած էր երկու մասից՝ «Մետաղների ծագումը ռուսական Հայաստանում» և «Ուսումնասիրություններ կովկասյան ժողովուրդների ծագման մասին»: Իրականացված պեղումների արդունքում Մորգանը գտնում է, որ երկաթի կիրառությունը սկզբնավորվել է Հայաստանում։ Հետազոտողը հետագայում հանդես է գալիս նաև հայերի իրավունքների պաշտպանությամբ՝ ականատես լինելով Օսմանյան Թուրքիայում հայերի ջարդերին Սուլթան Համիդի տիրապետության ժամանակ։ Հայ ժողովրդի իրավունքները պաշտպանելու և Եվրոպային պատմական իրադարձությունների իրական փաստերին ծանոթացնելու նպատակով նա գրում է «Փորձ ազգությունների մասին», «Արևելքի բարբարոսների դեմ» աշխատանքները, որոնք լույս են տեսնում Փարիզում։ Այնուհետև իր ընկեր, բանաստեղծ Արշակ Չոպանյանի խնդրանքով հանձն է առնում գրել «Հայ ժողովրդի պատմությունը» գիրքը, որը տպագրվում է Փարիզում։ Գիրքը գրելու նպատակն էր Եվրոպային ծանոթացնել հայ ազգի պատմությանը և Օսմանյան կայսրության վայրագություններին։ Գիրքն ընդգրկում է հայ ժողովրդի պատմությունը՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև առաջին աշխարհամարտ։ |
2303 | 0