Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ Զելենսկին մերժել է Հունգարիայի առաջարկը՝ հրադադար հաստատել և ռազմագերիների փոխանակել Ռուսաստանի հետ Սուրբ Ծննդյան տոնին։ Հունգարիայի վարչապետի խոսքով, ԵՄ նախագահության ավարտին Հունգարիան հավելյալ ջանքեր է գործադրել խաղաղության հասնելու համար և արել է համապատասխան առաջարկ։ «Մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք»,- եզրափակել է Օրբանը:
Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում:
«ԵՄ-ում Հունգարիայի նախագահության ավարտին մենք հավելյալ ջանքեր գործադրեցինք խաղաղության հասնելու համար։ Մենք առաջարկել ենք Սուրբ Ծննդյան զինադադար և գերիների լայնածավալ փոխանակում։ Որքան տխուր է, որ նախագահ Զելենսկին այսօր հստակորեն մերժեց և բացառեց դա։ Մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք»,- գրել է Օրբանը։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 11-ին, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնել էր Վլադիմիր Պուտինի հետ մեկ ժամ տևած հեռախոսազրույցի մասին։ Հունգարիայի վարչապետն ասել է, որ վերջին շաբաթները դարձել են ամենավտանգավորը ամբողջ ռուս-ուկրաինական հակամարտության մեջ։ Կրեմլը հայտնել է, որ զրույցի ընթացքում Օրբանը հետաքրքրություն է հայտնել օգնելու գտնել ճգնաժամի քաղաքական և դիվանագիտական լուծման ուղիները, մինչդեռ Պուտինը մատնանշել է Ուկրաինայի իշխանությունների «կործանարար գիծը», որն անհնարին է դարձնում խաղաղ բանակցությունները։ Կրեմլից հավելել են, որ զրույցը տեղի է ունեցել հունգարական կողմի նախաձեռնությամբ։