Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը հայտնում է Ծաղկաձորում «ապօրինի գույքի» վերադարձի առնչությամբ մի հողամասի վերադարձի մասին, ազդարարելով նաև, որ դա գործընթաց է և ինքը սկսում է «հատիկ առ հատիկ» ներկայացնել վերադարձվող ապօրինի գույքը:
Սա թերևս շատ նման է լինելու հայտնի՝ «100 փաստ նոր Հայաստանի մասին» տեղեկատվա-քարոզչական հնարքին: Այսինքն, ներկայացվում էին հարյուր և ավելի փաստեր՝ յուրաքանչյուր ասուլիսի ընթացքում, որոնց գերակշռող մասը սակայն ըստ էության չուներ ոչ մի խորքային և համակարգային նշանակություն և այդօրինակ ոչ պակաս հարյուրավոր փաստեր հնարավոր էր ներկայացնել Հայաստանի ցանկացած կառավարության պարագայում:
Այժմ գրեթե համարժեք տեղեկատվա-քարոզչական հնարք է լինելու «ապօրինի ծագումով գույքի» «հատիկ առ հատիկ»-ը: Այսինքն, ստանալ քանակի տպավորություն, որը գործնականում չունի որևէ համակարգային, ինստիտուցիոնալ արժեք:
Ավելին, դեռ շատ մեծ հարց է, թե համակարգային, ինստիտուցիոնալ տեսանկյունից այդ գործընթացը որքանով է Հայաստանի համար օգտակար, իսկ որքանով է հարվածում օրինակ Հայաստանում ներդրումային միջավայրի վարկին: Որովհետև այն վկայում է, որ երկրում տնտեսական երևույթները շարունակում են լինել իշխանության քաղաքական կոնյուկտուրային ենթակա: Իսկ այդպիսի ազդակները ներդրողների համար, մեղմ ասած՝ վանող են: Պետք չէ զարմանալ, որ անգամ պաշտոնական վիճակագրությամբ Հայաստանում նվազել են օտարերկրյա ուղղակի ներդրումները»: