Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած ընտրություններից հետո իր հայտարարությանը, ըստ որի՝ ընտրությունները կեղծելու տարբեր միջոցներ, այդ թվում, այսպես կոչված՝ հայկական կարուսել է կիրառվել:
«Ուզում եմ ասել հայերին, հայկական ծագում ունեցող մեր քաղաքացիներին և հարևան հայերին, որտեղ ևս ռուսական քարոզչամեքենա է ակտիվ աշխատում, իմ ասած «հայկական կարուսել»-ում որևէ էթնիկ համատեքստ չկա: Սա այն տերմինն է, որը լսել էի, երբ առաջին անգամ եկա Վրաստան, դա Շևարդնաձեի ժամանակաշրջանն էր։ Նաև Սաակաշվիլիի օրոք է կիրառվել: Էթնիկ հարց սրա մեջ չկա»,- aliq.ge-ի փոխանցմամբ, ասել է նախագահը: