Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2024 թ.

Համացանց

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը

15:18, շաբաթ, 30 նոյեմբերի, 2024 թ.
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը

Նոյեմբերի 30-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը:
     Դեռևս 2014 թվականին տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:
     Այդ օրը հավատացյալների օրհնության համար դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը:
     Բերկրառատ տոնի առիթով Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը:
     Սուրբ Պատարագին ներկա էին Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ հայաստանյան թեմերի առաջնորդներ և բազմաթիվ ուխտավորներ:
     Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցական թափորի առաջնորդությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Մայր Տաճար բերվեց աստվածամուխ Սուրբ Գեղարդը:
     Անդրադառնալով Հայոց աշխարհի առաջին լուսավորիչների տոնի խորհրդին՝ Հայր Սուրբն ընդգծեց առաքյալների դերակատարությունը մարդկության պատմության և հայկական իրականության մեջ, որոնց քարոզության շնորհիվ Քրիստոսի սիրո վարդապետության հունդերը ոչ միայն սերմանվեցին հայոց հողում, այլև հետագայում պտղաբերեցին և դարձան մեր ինքնության անբաժանելի մասը։ «Այսօր նվիրական օր է Հայոց Եկեղեցու և նրա անդամների համար, քանզի եկել ենք միասնաբար հայցելու Ս․ Թադեոսի և Ս․ Բարթողիմեոսի բարեխոսությունը Տիրոջ մոտ Հայկ Նահապետի սերնդի համար, վերանորոգելու մեր ուխտը Հայոց Եկեղեցու և նրա Գահակալի հանդեպ՝ առավել նախանձախնդրությամբ և նվիրումով լծվելով հայոց պետականության զորացման սրբազան առաքելությանն ու ազգային-քրիստոնեական ինքնության պահպանությանը։ Երբեք չմոռանաք, որ լինել առաքելական նշանակում է վերահաստատել հավատարմությունը Տիրոջ, Աստծու խոսքի և Մայր Եկեղեցու հանդեպ՝ մեր լուսավոր նախնիների նման անաղարտ պահելով ուղղափառ հավատքը և ամենուր սփռելով հարության լույսն ու հույսը»,- նշեց Հայր Զաքարիան։
     Սուրբ Պատարագի ավարտին Հայոց Հովվապետը «Պահպանիչ» աղոթքով և հրաշագործ Սուրբ Գեղարդով օրհնեց ներկա ժողովրդին, ապա հավատացյալներին հնարավորություն ընձեռվեց երկրպագելու ու համբուրելու համաքրիստոնեական սրբությունը:
     Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Մայր Տաճարում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը:

587 | 0
Facebook