«Երկիր»-ի հետ զրույցում Հալեպում գործող հայկական «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը ներկայացրել է քաղաքում տիրող իրավիճակը՝ հակակառավարական զինված խմբավորումների՝ Հալեպ ներխուժումից հետո: Նրա խոսքով՝ երեկ մինչև կեսգիշեր բախումներ են տեղի ունեցել, որոնք լսելի են եղել նաև իրենց բնակավայրում:
«Անապահով էինք մեզ զգում, արդեն ցերեկը տեղեկացանք, որ քաղաքում ընդդիմադիրներն են, Սիրիայի բանակն այժմ քաղաքում չէ: Հիմա բախումներ չկան, բայց քաղաքում շատ քիչ մթերային խանութներ են բաց, ոչինչ չի գործում, բոլորս փակվել ենք տանը: Հակասական տեղեկություններ են տարածվում: Ճիշտ է, մենք ապահովված ենք սննդի պաշարով, բայց չգիտենք՝ ի՞նչ համաձայնություններ ձեռք կբերվեն, ի՞նչ կլինի մեր հետ»,- ասել է Զարմիկ Պողիկյանը:
Զրուցակիցը տեղեկացրել է՝ հիմնական բախումները քաղաքի ծայրամասերում են տեղի ունեցել: Երբ լսել են առաջին ձայները, միանգամից պատսպարվել են:
«Գանձասար» շաբաթաթերթի խմբագիրը մեկ այլ խնդրի մասին ևս խոսել է. «Մենք տեղյակ չենք եղել, որ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը, հյուպատոսարանի աշխատակիցներն ու Հալեպի տարածաշրջանում առաքելություն իրականացնող ՀՀ-ի հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խումբը բախումներից առաջ լքել է քաղաքը: Համայնքը տեղյակ չէր սրա մասին: Տեղեկացանք միայն այն ժամանակ, երբ նրանք արդեն լքել էին քաղաքը: Բարեբախտաբար հայկական համայնքում տուժածներ չկան: Կապը պահում ենք բոլորի հետ, բայց այս պահին բոլորս էլ անորոշության մեջ ենք»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։