Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երախտագիտություն է հայտնել ոստիկանությանը Թբիլիսիում ընդդիմադիրների բողոքի ցույցը ճնշելուց հետո։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ներքին գործերի նախարարությանը, յուրաքանչյուր ոստիկանի, ՆԳ նախարարին, ովքեր համաչափության սկզբունքով կանխեցին բռնությունը և կարգուկանոն հաստատեցին Ռուսթավելիի պողոտայում», - ասել է Կոբախիձեն այսօր կայացած ճեպազրույցում։
Վարչապետը պնդել է, որ երեկվա իրադարձությունները «արմատական ընդդիմության նախապես կազմակերպված և ծրագրված բռնությունների» արդյունք են։
«Երբ այս մասշտաբի բռնություններ են տեղի ունենում, բնականաբար, մեծ ռիսկ կա, որ քաղաքացիական անձինք, այդ թվում՝ լրագրողները, կվնասվեն», - ասել է նա:
Նա նաև ասել է, որ եթե ուժայինների կողմից եղել են անօրինական գործողություններ, ապա դրանք պետք է հետաքննվեն։