Երևան քաղաքի Արզումանյան 10 հասցեում գտնվող վթարային շենքի բնակիչները ահազանգում են, որ անընդհատ փլուզումներ են լինում և ցանկանում են տարհանվել այդ շենքից: Լրատվամիջոցների հետ զրույցում բնակիչներից մեկը նշել է, որ 3 հոգի չեն համաձայնվում, որ շենքը քանդվի և նոր շենք կառուցվի:
«80 տոկոսը արդեն քաղաքապետարանի հետ պայմանագիր է կնքել, որ շենքը քանդվի, տեղը նոր շենք կառուցվի և 3 տարի անց տեղափոխվենք նորակառույց: Բայց մի քանի բնակիչ համաձայն չեն և չեն կնքում պայմանագիր: 5-7 հոգի ստորագրելու են, ընթացքի մեջ է գտնվում, բայց 3 հոգու գործեր հիմա գտնվում են դատարանում, իսկ դատարանի իրավական գործընթացն էլ շատ երկար է տևելու: 2 օր առաջ էլի փլուզում եղավ։ Մինչև վերջին բնակիչը չստորագրի , բնակիչներին չեն կարող տարհանել: Առաջին մուտքից է սկսվում փլուզումը: Պահանջում ենք առաջին մուտքում գտնվող ակնառու վտանգի մեջ գտնվող բնակիչների աստիճանաբար Էվակուացում»,-ասաց բնակչուհին: