Վերլուծաբան Արա Արայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վրաստանի իրադարձություններն ու մենք:
Վրաստանում արդեն 12 տարի իշխանությունը գտնվում է Վրացական երազանք կուսակցության ձեռքում, որը դեռևս 2012 թվականին հիմնել է Բիձինա Իվանիշվիլին:
Անցած 12 տարիների ընթացքում Վրաստանը սերտ հարաբերություններ է կառուցել ՆԱՏՕ-ի ու ԵՄ ի հետ:
2017 թվականին Վրաստանի քաղաքացիները Եվրոպա՝ Շենգենյան գոտի են մուտք գործում առանց վիզաների:
2022 թվականի մարտի 3 ին Վրաստանը պաշտոնական հայտ է ներկայացնում Եվրոմիությանն անդամագրվելու համար:
2023 թվականի դեկտեմբերի 14 ին Եվրոմիությունը Վրաստանին տալիս է ԵՄ անդամության թեկնածուի պաշտոնական կարգավիճակ:
Իսկ այսօր, 2024 ի նոյեմբերի 28 ին, Վրաստանը 12 տարի կառավարած նույն քաղաքական ուժը հրաժարվում է ԵՄ մուտք գործելու բանակցություններից և դրանք հետաձգում է մինչև 2028 թվական (ԱՄՆ հաջորդ ընտրություններ): Նաև հրաժարվում է ընդունել ԵՄ կողմից տրամադրվելիք ցանկացած դրամաշնորհ:
Տարօրինակ չէ՞ այս ամենը, ի՞նչ է փոխվել անցած 12 տարիներին մեր տարածաշրջանում:
Թերևս գլխավոր փոփոխությունը Ղարաբաղի բռնազավթումն է:
Մյուս հանգամանքը իհարկե Ուկրաինական պատերազմն է:
Ուկրաինայի ճակատագիրը Ամերիկան փորձելու է ռուսների հետ լուծել առանց միջնորդների, որովհետև ի սկզբանե այդ երկու երկրներն են ծրագրել և սկսել ամեն ինչ:
Ուկրաինական պատերազմը առաջին հերթին Եվրոմիության դեմ էր և է: Ուկրաինան պատերազմական գոտու վերածելով ամերիկացիները Եվրոմիությունը անջատեցին ցամաքային Ասիայից, որպեսզի Չինաստանը Ռուսաստանով ճանապարհ չունենա դեպի Եվրոպա:
Եվրոմիության տարածումը դեպի հյուսիս արգելափակվում է, Եվրոմիությունը զրկվում է ռուսական ռեսուրսներից, ԵՄ-ի ու Ռուսաստանի արանքում փլատակների վերածված Ուկրաինան է: Մինչև ուկրաինական հարցի սրացումը ԵՄ-Ռուսաստան հարաբերությունները բարձր մակարդակի վրա էին, Եվրոմիությունը մինչ 2022 թվականը Ռուսաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն էր:
Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը ռուս-թուրք-պարսկական տիրապետության տակ թողնելով, ԱՄՆ-ն նաև այս ուղղությամբ է արգելափակում Եվրոմիության ընդլայնումը: Թուրքիան ԵՄ անդամության թեկնածու է, բայց Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ ի ազդեցության տակ գտնվելով, այդպես էլ չի կարողանում շրջվել դեպի Եվրոպա: Ամերիկացիները Թուրքիան շրջապատել են բազմատեսակ կոնֆլիկտներով, միայն Սիրիական պատերազմի պատճառով Թուրքիան ստացավ մոտ հինգ միլիոն փախստական:
Իրանին ձեռնտու է Վրաստանի և Հայաստանի ինտեգրումը Եվրոմիությանը, բայց դա հակասում է Թուրքիայի շահերին, քանզի այս դեպքում վերջինս մնում է խաղից դուրս վիճակում:
Վրաստանի և Հայաստանի ինտեգրումը Եվրոմիությանը, մեծ հաշվով ձեռնտու է նաև Ռուսաստանին, որովհետև Ուկրաինայով դեպի Եվրոպա դուրս գալու անհնարինության դեպքում շատ օգտակար կլինի հարավում ի դեմս Վրաստանի ունենալ սահմանակից Եվրոմիության անդամ երկիր:
ԱՄՆ-ն ամեն ինչ անելու է, որպեսզի աշխարհում ոչ մի հզոր միություն չկայանա, դա սպառնալիք է իր գոյությանը:
Վրացիների որոշումը մինչև 2028 թվականը ձեռնպահ մնալ ԵՄ անդամության շուրջ տարվող բանակցություններից, ստիպված քայլ է: Ոչ ոք չի կարող ասել, ամերիկյան ծրագրերը տարածաշրջանը ի՞նչ փոփոխության կենթարկեն: Չորս տարի աշխարհին խաբելով ամերիկացիները կրկին իշխանության ղեկն հանձնեցին Թրամփին, նա անփոխարինելի թեկնածու է: Բայդենն իր առջև դրված առաջադրանքները կատարեց գերազանց, Ամերիկան ստացավ խաղի լայն հնարավորություն: Իսրայելի ու Լիբանանի միջև երեկ կնքված զինադադարից ժամեր անց իրավիճակը կտրուկ լարվում է Սիրիայում, որի մասին արդեն 3-4 տարի գրեթե մոռացել էինք...
Հայաստանն իհարկե Վրաստանից շատ ավելի բարդ վիճակում է: Արտաքին քաղաքական վեկտորներ փոխելով, կամ փոխելու իմիտացիա անելով հարցերը չեն լուծվի:
Մեր միակ փրկությունը ներսից մաքրվելն է, ուժեղ պետություն կառուցելը, որպեսզի կարողանանք դիմակայել արտաքին մարտահրավերներին:
Ցավոք հայկական ողջ քաղաքական միտքն ու համակարգը ինչպես անցյալում, այնպես էլ հիմա, հույսը դրել է զուտ արտաքին ուժերի վրա, պետություն կառուցելու նույնիսկ պատկերացում չունենք: Երկրի ղեկավարը մայթերին թափված մետաղի ջարդոնից, արագաչափերից, քաչալ ավադողերից ու ավտոլվացման կետերի փրփուրներից է խոսում:
Ընդդիմություն չկա...
Ռուսները թողեցին Ղարաբաղը, կես ոտքով Հայաստանում են, այստեղ մնալ չմնալու հարցը նրանց համար երրորդական, զուտ ժամանակ շահելու նշանակություն ունի: Ոչ միայն Հայաստանից, ռուսները հեռանալու են ողջ նախկին ԽՍՀՄ տարածքներից:
Պետք է հասկանալ սա և ռեալ Հայաստանի զարգացման մասին մտածել: Համացանցում Վրաստանի մասին տեսահոլովակներ դիտելիս ամոթ եմ զգում: Քանի՞ քանի խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր են մարդիկ իրականացրել և իրականացնում, իսկ մեր երեկվա կիսատ պռատ նորոգված ճանապարհներն արդեն քանդվում են:
Այո, ռուսներ ինչքան շուտ գնան այդքան լավ, ինչքան շուտ մենք կտրվենք մեր սին հույսերից ու տեսնենք մեր երկրի իրական վիճակն, այդքան լավ:
Այսպես շարունակել չի կարելի, սա ինքնասպանություն է...»։