«Պուտինն իրեն պաշտպանելու համար աղավաղում է իրականությունը»․ Հակոբ Կարապետյան
Լրագրող Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վլադիմիր Պուտինն էսօր հայտարարել է, թե ՀԱՊԿ-ը Հայաստանին չէր կարող աջակցել Լեռնային Ղարաբաղում, որովհետև Հայաստանը չի ճանաչել ԼՂՀ անկախությունը և չի ներառել այն իր կազմի մեջ։ Սա հայտնի դեմագոգիական հնարք է՝ լատիներեն ignoratio elenchi (մոտավորապես՝ «թեզի շփոթ») բարեհունչ անունով։ Էությունը հետևյալն է. փոխում ես փաստարկը և արդեն փոխած փաստարկի հիման վրա եզրահանգում ես անում։ Օրինակ. Դատարանում խմած քշելու համար մեղադրվողի փաստաբանը հայտարարում է, որ իր պաշտպանյալը հայրենասեր մարդ է, ընտանիքի լավ հայր և բարեխղճորեն վճարում է հարկերը։ Ինչո՞ւ է սա սխալ. որովհետև ոչ ոք նրան չի մեղադրում վատ հայր կամ վատ հարկատու լինելու համար. մեղադրյալի՝ լավ հայր և օրինակելի հարկատու լինելը ուղղակի կապ չունի նրա կատարած խախտման հետ։ Մեր դեպքում՝ Վ. Վ. Պուտինն ասում է. «ՀԱՊԿ կազմակերպության պարտականությունների մեջ մտնում է պաշտպանել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքը, իսկ Արցախը դրա մեջ չի մտնում, հետևաբար, ՀՀ-ն չի կարող մեղադրել ՀԱՊԿ-ին՝ իրեն չպաշտպանելու համար»։ Այնինչ, Հայաստանը ԵՐԲԵՔ չի հավակնել, որ ՀԱՊԿ-ը իրեն կօգնի ԼՂ տարածքում ագրեսիայի ժամանակ. նման բան չի եղել ո՛չ 90-ականների «զուսպ ու ինքնավստահ» իշխանությունների, ո՛չ «թաթար-մոնղոլական ավազակապետերի» և ո՛չ անգամ «հախուռն խելագարների» օրոք։ Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը սառեցրել է նրա համար, որ այդ կազմակերպությունը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի դեմ ագրեսիայի ժամանակ ոչ միայն չի միջամտել, այլև հրաժարվել է ճանաչել ագրեսիայի փաստն իսկ։ Սա մի բան է, որը Պուտինը շատ լավ գիտի և, ինքն իրեն պաշտպանելու համար աղավաղում է իրականությունը՝ ինչպես դատարանում խմած վարորդը։ Սա կարևոր բան է։ Հ. Գ. Ի դեպ, Վլադիմիր Վլադիմիրովիչը այսօր մի ուրիշ բան էլ է ասել, որը ամեն դեպքում, պարզաբանման կարիք ունի։ Նա ասել է, որ Երևանը, թեև չի մասնակցում ՀԱՊԿ հանդիպումներին, սակայն ընդունելի է համարում այդ հանդիպումների ընթացքում հաստատված փաստաթղթերը։ Սա մի հայտարարություն է, որը պետք է պաշտոնապես կա՛մ հաստատվի, կա՛մ հերքվի»։ |