«Նախորդ շաբաթ տեսնում ենք հաղորդագրություն, որ Շիրակի մարզի գյուղերից մեկի դպրոցի դասասենյակը անվանակոչվել է ՀՀ ԶՈՒ զինծառայության մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի անունով, ընդ որում մարզպետի մասնակցությամբ է այդ արարողությունը տեղի ունեցել»,-Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․ «Տեղի է ունեցել մի պրոցես բարձրաստիճան զինվորականի մասնակցությամբ, որից ՊՆ-ն ընդհանրապես տեղյակ չի, ԳՇ-ն ընդհանրապես տեղյակ չի, պրոցեսը տեղի է ունենում դպրոցում՝ ԿԳՄՍ-ն ընդհանրապես տեղյակ չի, տեղի է ունում մարզպետի մասնակցությամբ՝ ՏԿԵ նախարարը ընդհանրապես տեղյակ չի, և սա տեղի է ունում մի պայմանում, երբ այս դահլիճում տասնյակ անգամներ խոսվել է այն մասին, որ դպրոցում ամեն անկյուն պետք է ձևավորվի՝ բովանդակություն ստանա միայն Կառավարության սահմանած ստանդարտների համաձայն»,-ասսաց Փաշինյանը՝ նշելով, որ ԿԳՄՍ նախարարին հանձնարարել է այդ թվում դե յուրե միջոցներով չեղարկել այդ որոշումը:
«Որովհետև ՀՀ-ում կան տասնյակ գեներալներ, տասնյակ տարբեր գյուղերում ծնված և մեծացած նշանավոր մարդիկ և այդպես շարունակ: Հիմա էլ մենք դպրոցները դարձնում ենք մի այդպիսի մրցակցության առարկա, թե որ դասասենյակը ում անունով անվանակոչվի, այն պայմաններում երբ մենք դպրոցների անվանակոչության ստանդարտ ենք սահմանել:
Սա անընդունելի մոտեցում է, և որևէ մեկը հանկարծ չմտածի այս նոր պրոցեսը շարունակելու մասին, այդ պրոցեսը պետք է չեղարկվի: Ես խիստ նկատողություն եմ անում Շիրակի մարզպետին և ԳՇ շտաբի անձնակազմի կառավարման վարչության պետ գեներալ Գրիգորյանին:
էլի եմ ասում՝ կա պետություն, և կա ապապետություն, և թույլ չեմ տա, որ որևէ մեկը ապապետության տրամաբանության մեջ գործողություններ անի. հետևանքները կլինեն համապատասխան»,- ասաց վարչապետը: