Մարտի 1-ի վերաբացված գործի քննության շրջանակներում Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը դատարանում հայտարարեցին, որ իրենց ազատությունը չի սահմանափակվել և իրենք ինքնակամ են ներկայացել դատարան:
Նրանք նախորդ նիստին չէին ներկայացել և դատարանը բերման ենթարկելու որոշում էր կայացրել:
Հիշեցնենք, որ 2008թ․ մարտի 1-ի իրադարձություններին առնչվող գործով ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու մեջ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։
Սահմանադրական դատարանի կողմից 2021թ․ մարտի 26-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 300,1-րդ հոդվածը Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելուց հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանը սահմանադրական կարգի տապալման դրվագով կարճել էր քրեական գործը և դադարեցրել քրեական հետապնդումը։
Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող մյուս դրվագով ևս քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով և այժմ մեղադրյալի կարգավիճակ ունի միայն Արմեն Գևորգյանը։
3 տարի անց Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 12-ի որոշմամբ բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը:
Նախկին նախագահին ու մյուսներին նոր հոդվածով առաջադրված մեղադրանքը դեռ հայտնի չէ։