«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին միանում են անխտիր բոլորը` մարդիկ, ովքեր մեքենայով են, երբեք չեն օգտվում, մարդիկ, ովքեր ամեն օր են տրանսպորտից օգտվում, տարբեր զբաղվածության ու մասնագիտության տեր մարդիկ։
Անտրամաբանական այս որոշումը մարդկանց դրել է անելանելի դրության մեջ` մտածում են աշխատանքից դուրս գան տանը նստեն, որովհետև ստացվում է, որ աշխատելու են միայն տրանսպորտի ուղեվարձը առնելու համար։
Ինչպես որ Կարմիր կետագծերը թանկացրեցին, որ պարգևավճարների չափը մեծացնեն, էնպես էլ խեղճ ու մոլորված ժողովրդի հաշվին 3 անգամ թանկացնելով տրանսպորտի ուղեվարձը առաջացնելու են տհաճ իրավիճակներ ու իրենց աղքատությունն են հաղթահարելու, իսկ գործատուն` հերոս հարկատուն, մտածելու է, ինչքան բարձրացնի իր աշխատողների աշխատավարձը, որ չկորցնի նրան ու իր գործն էլ տուրը չտա։
Ժողովրդի գլխին պատուհաս դարձած քաղաքային իշխանությունը ձախողել է կառավարումն ու սեփական բարեկեցության խնդիրն է լուծում։ Սա է դառն իրականությունը»։