Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ չի մասնակցի ՀԱՊԿ հավաքին, որը տեղի կունենա նոյեմբերի 28-ին Աստանայում։ ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը «168»-ի հետ հարցազրույցում կարծիք հայտնեց, որ դա պայմանավորված է արտաքին պարտադրանքով։
«Փաշինյանի իրական տերերը թույլ չեն տալիս, որ մասնակցի. այն տերերը, որոնք մեծ դերակատարություն են ունեցել, որ նա գա իշխանության, «սնուցել են», պահել են, ֆինանսավորել են, և նրանց շնորհիվ մինչև հիմա էլ ինքը կարողանում է իր իշխանությունը պահել։ Նրանց չի հետաքրքրում Հայաստանի անվտանգությունը, այլ հետաքրքրում է Հայաստանի հակառուսական կեցվածքը։ Այսինքն, նրանց պետք է Հայաստանը դուրս բերել ռուսական ազդեցության որևէ շրջանակից, ավելին, Հայաստանին տրամադրել ընդդեմ Ռուսաստանի, այսինքն՝ դարձնել այն մարտական ջոկատներից մեկը, որը կարող է կռվել և զոհվել հանուն ինչ-ինչ շահերի։ Եվ Նիկոլը ընդունել է դա․ զոհաբերել Հայաստանը ինչ-ինչ շահերի համար»,- նշեց Նիկոյանը։
«Այդ տերերը փայլուն կերպով կատարում են իրենց խոստումները՝ դա Նիկոլի իշխանությունն անսասան պահելն է և աչք են փակում նրա հակաօրինական ցանկացած քայլի վրա․ լռում են, որովհետև Նիկոլն սպասարկում է Արևմուտքի արտաքին քաղաքական շահերը»,- ընդգծեց նա։