«Սա «տոնական» թմբիրի ներքո քաղաքացու գրպան մտնել է»․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «SMS-ով ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ԵՐԿԻՐ կամ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՖԻԱՍԿՈ․Կառավարության վերջին նիստում պոպուլիզմի հերթական չափաբաժինն էր տիրաժավորվում։ Փաշինյանը խոստացավ պատժել բոլոր նրանց, ովքեր կշարունակեն խաբել իրեն: Իսկ ավելի կոնկրետ, կառավարության անդամներին և մյուսներին սպառնաց. «Սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, գալու է անձնական պատասխանատվության ժամանակը»։ Այս պոռթկումը կարելի էր դրական գնահատել, եթե թաղված չլինեինք համատարած և շուրջբոլորյա ստի, ուրացված խոստումների ու բացահայտ անկարողության ճահճում։ Իսկ ո՞վ, եթե ոչ հենց կառավարության ղեկավարն անձնապես պատասխան պիտի տա կառավարության և սեփական կուսակցության ծրագրով իշխանության եկած և ժողովրդին տրված տապալված խոստումների համար․ Արցախի ինքնորոշման իրավունք, Հադրութի և Շուշիի դեօկուպացիա, անջատում հանուն փրկության, կրթական ու դատաիրավական «բարեփոխումներ», կոռուպցիայի դեմ պայքար և այլն։ Ո՞վ, եթե ոչ ինքը՝ կառավարության ղեկավարն անձնապես պատասխան պիտի տա կործանարար այն սխալների և սուտ խոստումների համար, որոնք Արցախի կորուստ արժեցան, հազարավորների կյանք, Հայաստանի ապագայի գլխին կախված Դամոկլյան սուր։ Ինքը՝ կառավարության ղեկավարն անձնապես պատասխան պիտի տա, որովհետև երկրում մեկ մարդու ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմ է հաստատել և «ես եմ պետությունը» բանաձևով՝ sms-ով նախարարներ և առանցքային պաշտոնյաներ է աշխատանքից ազատում, թիմակիցների զրկում մանդատից՝ առանց հանրային հաշվետվության և պատասխանատվության։ «Իսկ ի՞նչ է եղել Գյումրիում, որ․․․» հռետորաերսպաշտական խուսափողական հայտարությունից հետո SMS-ով կամ ֆբ-ով երկրի երկրորդ քաղաքի ճակատագիրն է որոշում՝ մոտավորապես ու փնթի, օրենսդրական կարգավորումներն արհամարհելով, ակնհայտ նպատակադրումով՝ երկրի երկրորդ քաղաքում ամեն գնով պահել իշխանությունը։ Իսկ որ 9% -անոց Երևանից հետո Գյումրիում, ինչպես և ողջ հանրապետությունում քպ գործերը վատ են և վստահության ճգնաժամ է, հաստատվում է նաև վերջին սոցհարցումներով։ Գյումրում կառավարումը ձախողած աշխատակազմով, թմրամոլոլական սկանդալում հայտնված թեկնածուով, ի դեպ, սա թմրամոլության մեջ կասկածվող կամ կասկածված միակ քպ-ական պատգամավորը չէ, Գյումրու քպ-- գրասենյակի միջթիմակիցային ծեծկռտուքով դժվար է համոզիչ լինելը։ Բա թե՝ Գյումրիում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու․․․ Իսկ դուք քաղաքական խիզախություն ունե՞ք, հայտարարելու, որ ժամանակավոր պաշտոնակատարը հետագայում չի մասնակցելու ավագանու ընտրություններին։ Իհարկե՝ ՈՉ։ Եվ ամեն ինչ անելու եք՝ ադմինիստրատիվ և այլ ռեսուրսներ չարաշահելով, սա ձեր մոտ արդեն վարքականոն է, որպեսզի Հայաստանի երկրորդ քաղաքում ակնհայտ պարտությունը չգրանցվի։ Իսկ մինչ այդ պոպուլիստական հայտարարությունների և սեփական թիմակիցներին այրելու ժամանակն է՝ թե բա` «սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, գալու է անձնական պատասխանատվության ժամանակը»։ Իսկ իրականում կառավարությունը ողջ կազմով և իր առաջնորդով խախտել է բոլոր ժամկետները և բոլոր խոստումները՝ թե՛ բովանդակային, թե՛ ֆինանսական։ Միթե համատարած խախտված ժամկետների մասին չի խոսում անցած 10 ամիսների կտրվածքով կապիտալ ծախսերի 55-60 % -անոց կատարողականը, (դպրոցաշինություն, ջրամբարաշինություն, ճանապարհաշինություն և այլն)՝ 30 տոկոս կամ որոշների զրոյական արդյունքները։ Ի դեպ, պետք չէ սպասել «սրանից հետո»-ին․ ամենապրիմիտիվից սկսեք․ ընդամենը կառավարության շենքի լուսամուտից պետք է նայել այն համատարած փնթիությանն ու լքվածությանը, որ տիրում է Հանրապետության հրապարակում և այլուր։ Կառավարության շենքի առջև աշնանային տերևների և կենցաղային աղբի այնպիսի պատկեր է՝ կարծես շաբաթներով հավաքարարի ոտք չի կպել։ Նալբանդյան- Վ․ Սարգսյանով քայլեք մինչև քաղաքապետարան, ու նույն լքված անտերությունը։Իսկ Հանրապետության հրապարակում ամանորյա ջահ են կախում, երրորդ տարին անընդմեջ գնդակահարում են մշակութային հուշարձանի պատերը՝ էժանագին աստղեր ու լույսեր ստանալու հեռանկարով։ Իսկ Ավինյանն այդ ընթացքում նկարվում է ԱՄՆ-ում, իսկ Կենտրոնի թաղապետարանում հերթական պաշտոնյան է կալանավորվում։ Պարտքերի մեջ թաղված Հայաստանի բյուջեի վրա այս ամանորը կնստի 549 մլն 706 հազար դրամ (1,4 միլիոն դոլար)։ Մեր պարտքերի հաշվին հերթական անբովանդակ և ոչ առաջնային ծախսը։ Տեսարան, պոպուլիզմ ու սուտ․ սրանում անմրցելի եք։ Սա կառավարում չէ, սա «տոնական» թմբիրի ներքո քաղաքացու գրպան մտնել է, սա տգետ ու անունակ կառավարում է, ՀԱ-ՄԱ-ՏԱ-ՐԱԾ, բոլոր ոլորտներում։ Բառիս բուն իմաստով երեկ սալահատակված Հանրապության փողոցում այսօր արդեն օրորվող սալիկներ են ու քարի տակից ճայթող ցեխաշիթ․․․ Եվ այնուամենայնիվ, գալու է անձնական պատասխանատվության ժամանակը»։ |